Երևանի թիրախավորումը իշխանությունների կողմից գալիս է հերթական անգամ ի ցույց դնելու, որ գործ ունենք թալանն օրինականացրած «Ոչ թալանին» կարգախոսով իշխանության եկած մի խմբակի հետ, իրազեկման ակցիայի ժամանակ հայտարարել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։ Խմբակցության անդամները փողոցային իրազեկման ակցիա են նախաձեռնել՝ ընդդեմ տեղական տուրքերի ու հարկերի բարձրացման։
«Այս պահին ոչ իշխանական խմբակցությունների ունեցած միակ գործիքը քվորում չապահովելն է։ Մենք փորձելու ենք կիրառել այդ գործիքը, այդ ուղղությամբ է մեր նպատակային աշխատանքը»,- ընդգծել է Սուքիասյանը։
Նրա խոսքով՝ դեկտեմբերի 26-ի Երևանի ավագանու օրակարգում ընդգրկված նախագծերը միտված են ուղղակի մտնելու երևանցու գրպանը։ «Ինչպես կասեր հայտնի դասականը, թալանը պոզով-պոչով չի լինում»,- ավելացրել է նա։
Armenia Today-ի հարցին՝ քվորում չապահովելու մասով այլ խմբակցությունների անդամների հետ եղե՞լ է քննարկում, Սուքիասյանը նշել է, որ եղել են և կա նախնական փոխըմբռնում։ «Այս պահին ոչինչ պաշտոնապես հայտարարել չեմ կարող, բայց նախնական փոխըմբռնում ունենք, եղել են քննարկումներ, խոսակցություններ, պաշտոնապես հայտարարելու ենթակա որոշում չկա, բայց զարգացումներն այս ուղղությամբ շարունակվում են»,- հայտնել է նա։
Ակցիաները, ըստ նրա, շարունակական են լինելու, առնվազն մինչև այս շաբաթվա վերջ։ «Ասեք կանենքը դարձավ՝ մենք ասենք՝ դուք կանեք, պիտի փորձենք ամեն գնով դա կանխել»,- հավելել է Սուքիասյանը։
Դեկտեմբերի 26-ին նախատեսված է Երևան քաղաքի բյուջեի քննարկումը, որի շրջանակներում նախատեսվում է տեղական հարկերի ու տուրքերի ավելացում, ինչպես նաև նոյեմբերի նիստից հետաձգված օրակարգային հարցեր, մասնավորապես՝ բազմաբնակարան շենքերի շինթույլտվություններ։
Մանրամասները՝ տեսանյութում։