Երևանի քաղաքապետարանն անդրադարձել է Օղակաձև զբոսայգում գտնվող թենիսի կորտերը քանդելու մտադրության մասին շրջանառվող տեղեկություններին, տեղեկանում ենք քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանի Facebook-յան էջից։
«Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերի հարցը քննարկման փուլում է, այն քանդելու նպատակ չի հետապնդվում, սակայն չի բացառվում՝ թենիսի կորտերի այլ համահունչ միջավայր տեղափոխելու հնարավորությունը»,- տեղեկացրել է Կոստանյանը։
Նա ընդգծել է, որ զբոսայգու հիմնական նշանակությունը քաղաքի օդը մաքրելն է, առողջ միկրոկլիմա ստեղծելն ու մարդկանց համար հանգստի վայր ծառայելն է։
«Տարածքում տարբեր ժամանակահատվածներում տեղակայվել, կառուցվել են տարաբնույթ և միջավայրին ոչ համահունչ շինություններ, նաև այդ տարածքներում առկա են անկանոն, քաոսային կերպով տեղաբաշխված և բարեկարգ այգու ստեղծմանը խոչընդոտող ծանրաբեռնված տարածքներ, որոնց առկայության դեպքում հնարավոր չէ այգու օգտագործման ձևերն արդյունավետ կառավարելիության բերել, ապահովել այգու էկոհամակարգի կայունությունը: Այգին կորցրել է իր նպատակային նշանակությունը»,- հավելել է խոսնակը։
Քաղաքապետարանից ընդգծել են, որ քաղաքացիների հանգիստն այգու նշված հատվածում հնարավոր չէ կազմակերպել առանց այգու տարածքի հիմնանորոգման:
«Հատակագծային օպտիմալ լուծումներով ստեղծել բարեկարգ ծառուղիներ ու ծաղկազարդ արահետներ, հետիոտնային շարժման համար ճեմուղիների և հետիոտն արահետների ցանց՝ նպատակակետերի հասանելիության ամենակարճ հեռավորությամբ ու դրանց երկայնքով կարճատև հանգստի հարթակներով, ջրային մակերեսներ»,- նշել է նա՝ հավելելով, որ Շախմատի տան շենքը ենթակա է պահպանման, ինչպես բոլոր պատմամշակութային հուշարձան հանդիսացող շինությունները։
Սոցցանցերում լուրեր էին շրջանառվում, որ «քաղաքապետարանը մի ընկերության հետ որոշել է քանդել թենիսի կորտերը, ծրագիրը պատրաստվում են ներկայացնել կառավարության հաստատմանը»։ Քաղաքապետարանը հրապարակել է Օղակաձև այգու վերակառուցման նախնական տարբերակը: