Տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ամեն օր մաքրել տեղացած ձյունը, այլև տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ հատվածները, հայտարարել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Նա ընդգծել է, որ այս պահանջը բխում է անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ կարգից, որը սահմանել է Երևանի ավագանին։
«Պարտադիր բարեկարգման պահանջն, ի դեպ, նշանակում է ոչ միայն մաքրել հարակից տարածքը ձնից ու սառույցից, այլև կանաչապատ ու բարեկարգ պահել մայթերը»,- ընդգծել է Կոստանյանը։
Նա տնտեսվարողներին հիշեցրել է տուգանքի մասին՝ զգուշացնելով, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները շրջայց են իրականացնելու Երևան քաղաքում:
«Անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման պահանջները չկատարելու դեպքում Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը նախատեսում է տուգանք՝ 15.000-20.000 դրամի չափով»,- հավելել է նա։
Հոնվարի 27-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքից ազատել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանին։