Երևանի ավագանին երկու օրով հետաձգել է ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցի քննարկումը, հայտնում է Քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության մեջ նշում են, որ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը ներկայացնող Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու անդամներ Նարինե Հայրապետյանի, Սոնա Աղեկյանի, Գևորգ Ստեփանյանի, Զարուհի Փոստանջյանի լիազորությունների վաղաժամ դադարեցման օրակարգով արտահերթ նիստը կգումարվի 2024 թվականի փետրվարի 7-ին` ժամը 10.00-ին:
Փետրվարի 2-ին քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ այդ օրակարգով արտահերթ նիստը կգումարվի փետրվարի 5-ին:
2023թ. հոկտեմբերի 10-ին ավագանու ընտրություններից հետո առաջին նիստում Երևանի ավագանին ձայներով քաղաքապետ է ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանին, որը նիստին ներկա կուսակցությունների կողմից առաջադրված քաղաքապետի միակ թեկնածուն էր։
2023թ. սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում տեղի էին ունեցել ավագանու ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել էր Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները՝ համաձայն որոնց անցողիկ շեմը հաղթահարել էին հետևյալ ուժերը․ ՔՊ՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։