Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ պատմել է միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացի ու նոր սակագների մասին, որը քաղաքային իշխանություններն ամբողջությամբ նախատեսում են ներդնել 2024-ի սեպտեբերի 1-ից։
Գրիգորյանն Armenia Today-ի հարցին ի պատասխան հստակեցրել է, որ որքան թանկանում է ավտոբուսը, նույնքան էլ թանկանում է մետրոն։
Իշխանությունները վստահեցնում են, որ տարեց ուղևորները համակարգից բխող նոր տեխնոլոգիաների օգտագործման խնդիրներ չեն ունենա։ Գրիգորյանը Armenia Today-ին պարզաբանել է, որ կրիչներ կտեղադրվեն տրանսպորտի բոլոր տեսակներում։
«Եթե էլեկտրոնային միջոցներից, մասնավորապես, հեռախոսներից օգտվելու դժվարություն կա, ինչպես ամբողջ աշխարհում, մենք ևս ունենալու ենք համապատասխան ֆիզիկական քարտեր։ Որոշ տոմսային տեսակներ հնարավոր է լինելու տերմինալներից ձեռք բերել թղթային տարբերակով»,- հստակեցրել է Գրիգորյանը։
Երևանի փոխքաղաքապետը խոսել է ֆորս-մաժորների դեպքում ուղեվարձի փոխհատուցման մեխանիզմի մասին:
Նրա խոսքով՝ ֆորսմաժորային հանգամանքները (օրինակ՝ կապի հետ կապված խնդիրները) հաշվի են առել, և քաղաքապետարանը միջոցներ է մշակում այդ ուղղությամբ։
«Եթե մենք խոսում ենք համավարակի և այլ դեպքերի մասին, ապա էլեկտրոնային միջոցների անհրաժեշտություն է առաջանում։ Որոշ երկրներում քովիդի ժամանակ կանխիկի վճարումն արգելվել է։ Եթե խոսքը մասնավոր դեպքերի մասին է, ապա էլեկտրոնային տոմսի ժամկետի երկարաձգման մեխանիզմ նախատեսված չէ»,- եզրափակել է Գրիգորյանը։
Միասնական համակարգը, որը նախագծով ներդրվելու է 2024 թվականի սեպտեմբերի 1-ից, ենթադրում է միասնական տոմսերի (մետրո, տրոլեյբուս, ավտոբուս) ներդրում՝ էլեկտրոնային տոմսերի կամ քարտերի ձևաչափով։ Սակագները կգործեն 70 րոպե, 24 ժամ, 7 օր, 30 օր, 90 օր և 365 օր ժամկետներով։
Դատելով նախագծից՝ ուղեվարձի մոտավոր արժեքը կկազմի․
– Երեք ուղևորության համար նախատեսված «70 րոպե» մեկանգամյա էլեկտրոնային տոմսը, որը կգործի 70 րոպե՝ 10 օրվա ընթացքում, կարժենա 300 դրամ, համարժեք թղթային տոմսը՝ 280 դրամ:
– 8 ուղևորության համար նախատեսված «24 ժամ» մեկանգամյա էլեկտրոնային տոմսը, որը կգործի 24 ժամ, կարժենա 880 դրամ, համարժեք թղթային տոմսը՝ 900 դրամ:
– Էլեկտրոնային տարբերակով 30 ուղևորության համար նախատեսված «7 օր» տոմսը կարժենա 4800 դրամ, համանման թղթային տոմսը՝ 4990 դրամ:
– 30 օր գործող «բազմակի օգտագործման» տոմսով մեկ ուղևորությունը կարժենա 260 դրամ, էլեկտրոնային տոմսով՝ 250 դրամ:
– 60 ուղևորության հնարավորությամբ «30 օր» էլեկտրոնային տոմսը կարժենա 10 800 դրամ, թղթային տարբերակը՝ 10 998 դրամ:
– 180 ուղևորության հնարավորությամբ 90 օրվա էլեկտրոնային տոմսի արժեքը կկազմի 23 994 դրամ, թղթային տարբերակը՝ 24 984 դրամ:
–1000 ուղևորության հնարավորությամբ 365 օրվա էլեկտրոնային տոմսը կարժենա 106 000 դրամ, թղթային տարբերակը՝ 110 000 դրամ: