Երևանի քաղաքապետարանի կողմից ավագանու որոշմանը ներկայացրած նախագծով տրանսպորտն ավելի քան երկու անգամ թանկանում է, մեկ ուղևորության արժեքը դառնում է 300 դրամ, քաղաքապետարանում լրագրողներին հայտնել է Երևան նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որին փետրվարի 7-ին զրկել են ավագանու մանդատից։
Նա ավագանու մանդատից իրեն զրկելու որոշումը կապել է հասարակական տրանսպորտի թանկացման, իր խոսքով՝ «խայտառակ» նախագծի հետ։ Մարությանը չի բացառել տրանսպորտի թանկացման դեմ պայքար սկսելու հնարավորությունը։
«Տրանսպորտի թանկացման դեմ պայքար կսկսվի այն ժամանակ, երբ որոշումն ուժի մեջ կմտնի։ Վստահ եմ, որ ոչ միայն մեր թիմը, այլ Երևանի ամբողջ բնակչությունն է պայքարելու դրա դեմ։ Ես շփվել եմ մարդկանց հետ, նրանք ուղղակի ապշած են այդ նախագծից»,- ասել է Մարությանը։
Նա նշել է, որ առանց թանկացումների հնարավոր է նոր ավտոբուսները շահագործել։
«Գոյություն ունի սուբսիդիա, ինչը կիրառում է ամբողջ աշխարհը»,- եզրափակել է նախկին քաղաքապետը։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը փետրվարի 6-ին հայտնել էր միասնական տոմսային համակարգի ներդրման նախագծի ու նոր սակագների մասին, որը քաղաքային իշխանություններն ամբողջությամբ նախատեսում են ներդնել 2024-ի սեպտեբերի 1-ից։ Գրիգորյանը Armenia Today-ի հարցին ի պատասխան հստակեցրել էր, որ որքան թանկանում է ավտոբուսը, նույնքան էլ թանկանում է մետրոն։ Նախագծով տարբեր սակագներով ու ժամային հնարավորություններով միասնական տոմսեր են սահմանվել (մետրո, տրոլեյբուս, ավտոբուս)՝ էլեկտրոնային կամ թղթային ձևաչափերով։
Մանրամասները՝ տեսանյութում։