Տրանսպորտի՝ 100-ից 300 դրամի հնարավոր թանկացումը գնաճի վրա էական ազդեցություն կունենա, այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ ուղեվարձի թանկացման շուրջ Կենտրոնական բանկի կողմից արձագանք չի լինի, քանի որ խոսքը մեկանգամյա թանկացման մասին է։ «Իսկ ահա ուղեվարձի թանկացումից երկրորդային էֆեկտը կարող է հանգեցնել պահանջարկի փոփոխության»,- նշել է Գալստյանը։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը փետրվարի 6-ին հայտնել էր միասնական տոմսային համակարգի ներդրման նախագծի ու նոր սակագների մասին, որը քաղաքային իշխանություններն ամբողջությամբ նախատեսում են ներդնել 2024-ի սեպտեմբերի 1-ից։ Գրիգորյանն Armenia Today-ի հարցին ի պատասխան հստակեցրել էր, որ որքան թանկանում է ավտոբուսը, նույնքան էլ թանկանում է մետրոն։ Նախագծով տարբեր սակագներով ու ժամային հնարավորություններով միասնական տոմսեր են սահմանվել (մետրո, տրոլեյբուս, ավտոբուս)՝ էլեկտրոնային կամ թղթային ձևաչափերով։