Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը հայտնել է, որ մարտի 23-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները Երևանում հարձակվել են խմբակցության անդամների վրա։ Նա տեղեկացրել է, որ միջադեպից հետո իրենց խմբակցության անդամներ Հայկ Գրիգորյանը և Ռոբերտ Ծովյանը բերման են ենթարկվել և մի քանի ժամից ազատ են արձակվել։
Աբգարյանը հայտնել է, որ իրենց բողոքը եղել է ծառահատման դեմ, ինչն այդ պահին իրականացրել են ՀՈԱԿ-ի աշխատակիցները։
«Ծառը եզրաքար չէ, որ կտրես, հետո եթե հասկանաս սխալ ես արել, վերականգնես։ Բնականաբար, մեր խմբակցության անդամները փորձել են տեղում կասեցնել գործընթացը։ Ի պատասխան՝ ծառահատում իրականացնողների կողմից արժանացել են հարձակման և հայհոյանքների»,- ընդգծել է Աբգարյանը։
Նա հավելել է, որ իրենց անդամներին բերման են ենթարկել ՀՈԱԿ-ի տնօրենի՝ Արմեն Բեգոյանի հաղորդման հիման վրա։ Նա ավագանու անդամներին խուլիգանություն կատարելու մեջ է մեղադրել։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնել են, որ մարտի 23-ին արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որի արդյունքում կուսումնասիրեն ավագանու անդամներին ազատությունից զրկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև կազմված փաստաթղթերը։