SaveTreesYerevan-ի (Փրկենք Երևանի ծառերը) նախաձեռնության ակտիվիստները Երևանում ընդդեմ ծառահատումների բողոքի ակցիաներ են անցկացնում։
Նրանք հայտարարում են, որ քաղաքի կանաչ հիմնամասը ոչնչացման վտանգի տակ է, և պահանջում են դադարեցնել ծառահատման գործընթացը և այն շարունակել հասարակության և գիտության ներկայացուցիչների հետ երկխոսությունից հետո:
Ակտիվիստների կողմից Armenia Today-ի խմբագրություն ուղարկված հայտարարության մեջ ասվում է, որ Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն արդեն մոտ 200 ծառ է հատել և առաջիկա օրերին Երևանի կենտրոնական շրջաններում նախատեսում է ոչնչացնել ևս 3000 ծառ։
«Մեծ ծառերն օգնում են քաղաքին պայքարել ջերմության և փոշու դեմ, իսկ նոր տնկիները ներկայիս ծառերի չափ կաճեն միայն 30 տարի անց, մինչ այդ քաղաքին բնապահպանական աղետ է սպառնում»,- ասվում է հայտարարության մեջ:
Նախաձեռնությունը հայտարարել է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 17:00-ին, ծառահատումների դեմ բողոքի ակցիա են իրականացնելու։
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը հայտնել էր, որ մարտի 23-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները Երևանում հարձակվել էին խմբակցության անդամների վրա, ովքեր փորձել էին բողոքել ծառահատման դեմ։