Մայիսի 23-ի վաղ առավոտից Երևանի հասարակական տրանսպորտն սկսել է բնականոն հունով աշխատել, իսկ տեղեկությունը, թե «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Նազարյանը վարորդների՝ մայիսի 22-ի գործադուլից հետո ազատվել է աշխատանքից, չի համապատասխանում իրականությանը, հայտարարել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Խոսնակը տեղեկացրել է նաև չարաշահումների մասին։ «Վերջին մեկ ամսվա ընթացքում բացահայտվել են չարաշահումներ: Ուղևորափոխադրումների օրական հասույթներն այսօր արդեն զգալիորեն աճել են, ստվերը կրճատվում է»,- ընդգծել է նա։
Մայիսի 22-ին վարորդները գործադուլ էին հայտարարել կազմակերպության նոր տնօրեն Սամվել Նազարյանի «անհիմն ազատումների» դեմ և բողոքել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում իրականացվող «կադրային ջարդից»։ Ավելի ուշ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել էր գործադուլ հայտարարած վարորդների ու աշխատակիցների հետ՝ փորձելով համոզել նրանց վերադառնալ աշխատանքի։ Նա կոչ էր արել հարցերն այլ ձևով լուծել, քանի որ «երևանցիները կանգառներում սպասում են»։