Երևան քաղաքի առանձին հատվածներում վերանորոգման պատճառով ժամանակավորապես ճանապարհներ կփակվեն, հայտնել է Երևանի քաղաքապետարանը։
Ըստ քաղաքապետարանի՝ հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 22-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն, միակողմանի փակ է լինելու Լենինգրադյան-Սեբաստիա խաչմերուկից մինչև Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդի խճուղու հատում եղած ճանապարհահատվածները, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ:
«Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղություն երթևեկելի մեկ գոտու հաշվին»,- նշել է քաղաքապետարանը:
Հուլիսի 4-ին կառավարությունը 2,5 մլրդ դրամ էր հատկացրել Երևանի Աջափնյակ, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն վարչական շրջանների մի շարք փողոցների վերանորոգման համար։
Միջին նորոգման աշխատանքներ կիրականացվեն նաև Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում, որոնց մասով Երևան համայնքի բյուջեի միջոցներից համաֆինանսավորում է նախատեսվում:
Կենտրոնում, մասնավորապես, կնորոգվեն Նար-Դոս, Չարենց, Վարդանանց, Տիգրան Մեծ, Ամիրյան, Հասրաթյան-Սահյան, Աթենք-Իսակով, Ծիծեռնակաբերդի խճուղի, Ծիծեռնակաբերդից «Դալմա» առևտրի կենտրոն, Թումանյան, Խանջյան, Սարյան, Մոսկովյան, Նալբանդյան, Արամ փողոցից Խանջյան, Հանրապետության, Մյասնիկյան, Քոչինյան, Զաքյան փողոցները։