Միասին շա՜տ բան ենք փոխելու, «Էրեբունի-Երևան 2806» տոնակատարության առթիվ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ առջևում սպասվում են «նոր հնարավորություններ, նոր դժվարություններ ու, ամենակարևորը, նոր հաղթանակներ»։
«Չենք հոգնելու, չենք կանգնելու, որովհետև մենք գիտակցում ենք՝ դու, առաջին հերթին, մարդկանց մասին ես և պետք է լինես մարդկանց համար քաղաք»,- ասված է ուղերձում:
Ավինյանը նշել է, որ Երևանի «իսկական սիրահարները» չեն լքել մայրաքաղաքը, նրանք այն մարդիկ են, ովքեր ամեն օր քաղաքը դարձնում են ավելի լավը՝ ոչ թե մեծ խոսքերով, այլ փոքր, բայց անսահման կարևոր գործերով։
«Մարդիկ, ովքեր ապրում են քեզ հետ ու ապրեցնում քեզ: Ինձ համար պատիվ է լինել քո քաղաքապետը, ծառայել քեզ, արարել քեզ համար։ Շնորհավո՜ր տոնդ, իմ սիրելի՛ Երևան, դու մեր բոլորի մեծ սերն ես, և մենք քո կողքին ենք մինչև վերջ, մինչև ամենախենթ երազանքիդ իրականացումը»,- հավելել է քաղաքապետը։