Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է Երևանում հասարակական տրանսպորտի համար առանձնացված գծեր տրամադրելու մասին։ Քաղաքապետարանից հայտնել են, որ մշակվել է ընդհանուր հայեցակարգ, որի առաջնային փուլով իրագործվում է միասնական միջանցքի գաղափարը։
«Միասնական միջանցքով կապվում են մի քանի վարչական շրջաններ՝ հասարակական տրանսպորտի համար ստեղծելով անխոչընդոտ երթևեկություն»,- նշել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։
Նա հավելել է, որ հասարակական տրանսպորտը երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ առավելություն է ունենալու։
«Այդ իմաստով մի շարք փողոցներում արդեն առանձնացրել ենք ավտոբուսային առանձնացված գծերի ներդրման աշխատանքներ, որոնց թվում են Գայի և Մաշտոցի պողոտաները, Աբովյան, Իսահակյան, Մոսկովյան փողոցները»,- նշել է վարչության պետը։
Վարորդներն ու ուղևորները փոփոխությունը դրական են որակել՝ նշելով, որ այն նպաստում է խցանումների նվազեցմանը։
Հոկտեմբերի 14-ին քաղաքապետարանից հայտնել էին, որ Երևանում նոյեմբերի 1-ից MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ վճարային համակարգով QR կոդով վճարումը։
Մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը, որը նախատեսում է հասարակական տրանսպորտի թանկացում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 25-ին ասել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել հասարակական տրանսպորտի ուղեվարձի միասնական համակարգը, որը նախատեսում է տրանսպորտի թանկացում։