Երևանի «Մայր Հայաստան» ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը Երևանի իշխանություններին մեղադրել է կոռուպցիոն սխեմաների մեջ՝ կապված նոյեմբերի 1-ից ավտոբուսների ուղեվարձի վճարման նոր կարգի ներդրման հետ։
Մանուկյանը հայտարարել է այս ոլորտում Telcell-ի մենաշնորհ ստեղծելու քաղաքապետարանի ծրագրերի մասին։
«Դեռ Հայկ Մարությանի ժամանակ Telcell ընկերությունը պայմանագիր էր կնքել Երևանի քաղաքապետարանի հետ, որ միասնական տոմսային համակարգ պետք է ներդրվի։ Երկու տարի քաղաքապետարանի քթից բռնած այս կողմ-այն կողմ է տարել, վերջում պայմանագիրը խզվել է։ Խզելուց հետո նորից մրցույթ են հայտարարել և փոխանակ Telcell ընկերությանը գցեին «սև ցուցակ»՝ նորից Telcell ընկերությունն է մրցույթը շահում։ Այն ընկերությունը, որը պետք է շահեր մրցույթը, պայմանագրի համաձայն, առնվազն 200 նմանատիպ ավոտբուսների մեջ պետք է տեղադրած լիներ այդ սարքերը 3 քաղաքներում։ Այնինչ Telcell-ը 0 փորձ ունի»,- ասել է ավագանու անդամը։
Նա վստահ է, որ ի սկզբանե այդ ընկերության հետ պայմանագիր չպետք է կնքվեր, քանի որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք ընկերությանը մերժել էին մասնակցել մրցույթին՝ հասարակական տրանսպորտի համար վճարման համապատասխան փորձ չունենալու պատճառով։
«Ընկերությունը պետք է ավտոբուսների դռների վրա սենսոր համակարգեր տեղադրեր, որը պիտի ավտոբուս մտնող մարդկանց թվաքանակը հաշվեր, որպեսզի ստվերը վերացվեր։ Միաժամանակ, քաղաքապետարանի աշխատողները տեսախցիկներ են գնել, տեղադրել ավտոբուսներում, «Երևան» ՓԲԸ այցի եմ գնացել, այդ տեսախցիկները չեն աշխատում։ Հետևաբար, դուք պայքարում եք ոչ թե ստվերի, այլ Ձեր գրպանի պարունակությունն ավելացնելու համար»,- նշել է Մանուկյանը։
«Մայր Հայաստանի» ներկայացուցչի խոսքով՝ ընկերությունը պետք է ներդներ ավտոբուսների կառավարման համակարգ և փորձարկեր այն։
«Ավտոբուսների կառավարման համակարգն անհրաժեշտ է, որպեսզի մենք իմանանք՝ արժանապատիվ տրանսպորտ ունենալու համար մեզ քանի՞ ավտոբուս է պետք։ Ըստ պայմանագրի՝ Telcell-ն ու քաղաքապետարանն արդեն պետք է տեղադրած լինեին բանկային քարտերի համար սարքեր, որպեսզի մարդը նստեր ավտոբուս, կարողանար 100 դրամ վճարել ու դուրս գար։ Բայց բանկային քարտային համակարգը չի ներդրել։ Հիմա երևանցիներին կոչ եմ անում վաղվանից նստել ավտոբուս, ցույց տալ բանկային քարտը և ասել, որ քարտով եք վճարում։ Չկա, չեմ վճարում»,- եզրափակել է նա։
Մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 25-ին ասել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել հասարակական տրանսպորտի ուղեվարձի միասնական համակարգ, որը նախատեսում է տրանսպորտի թանկացում։
Հոկտեմբերի 14-ին Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ նոյեմբերի 1-ից MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ վճարային համակարգով QR կոդով վճարումը։
Մանրամասները՝ տեսանյութում։