Մինչև ամբողջական տոմսային համակարգին անցումն առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով, հայտարարել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս որոշակի փոփոխություններին։
Կոսնտանյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31,678,200 դրամ, որից 5,215,300-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR):
«Դրա նախորդ օրը՝ հոկտեմբերի 31-ի հավաքագրումները կազմել են 30,694,500 դրամ, որից 1,970,900-ը վալիդատորների միջոցով»,- գրել է Կոսնտանյանը։
Մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 25-ին ասել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել հասարակական տրանսպորտի ուղեվարձի միասնական համակարգ, որը նախատեսում է տրանսպորտի թանկացում։
Հոկտեմբերի 14-ին Կոստանյանը հայտնել էր, որ նոյեմբերի 1-ից MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ վճարային համակարգով QR կոդով վճարումը։
Հոկտեմբերի 31-ին «Մայր Հայաստան» ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը Երևանի իշխանություններին մեղադրել էր կոռուպցիոն սխեմաների մեջ՝ կապված նոյեմբերի 1-ից ավտոբուսների ուղեվարձի վճարման նոր կարգի ներդրման հետ։ Նա հայտարարել էր, որ ըստ պայմանագրի՝ Telcell-ն ու քաղաքապետարանն արդեն պետք է տեղադրած լինեին բանկային քարտերի համար սարքեր, որպեսզի մարդը կարողանար 100 դրամ վճարեր ու դուրս գար և երևանցիներին կոչ էր արել նստել ավտոբուս, ցույց տալ բանկային քարտը և ասել, որ քարտով են վճարում։ Չկա, չեն վճարում։