Երևանի քաղաքապետարանը 2025 թվականին ընդառաջ՝ ամանորյա տոնական ձևավորման համար կծախսի 549 մլն 706 հազար դրամ, ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Նա տեղեկացրել է, որ ամանորյա զարդարանքի համար մրցույթում հայտ է ներկայացրել 5 ընկերություն, որոնցից հաղթող են ճանաչվել «Սինեմարտ» և «Ֆակտորի փրադաքշն» ընկերությունները։ Ավելի քան 549 մլն դրամով ընկերությունները կզարդարեն մայրաքաղաքի գլխավոր տոնածառը, երգող շատրվանների տարածքը, կկազմակերպեն Սուրբծննդյան տոնավաճառ, տոնածառի լույսերի վառման, ինչպես նաև ամանօրյա լուսավության ձևավորման աշխատանքներ քաղաքի տարբեր վայրերում։
Փոխքաղաքապետը նշել է, որ այս տարի նախորդ տարիներից ավելի քիչ գումար են ծախսում։ Նա համեմատության համար հիշեցրել է, որ 2022-2023 թվականներին քաղաքապետարանը տոնական ձևավորման համար ծախսել է շուրջ 590 մլն դրամ, իսկ 2023-2024թթ․ բյուջեով այդ թիվն ավելի մեծ էր։
«Նախորդ տարի՝ 2023-2024թթ․ բյուջեով, 626 մլն 926 հազար դրամ ենք ծախսել, քանի որ անցած տարի ձեռք էինք բերել Սուրբծննդյան տոնավաճառի տնակներ, որոնք այս տարի ևս օգտագործելու ենք»,- ասել է նա՝ շեշտելով, որ տոնական զարդարանքի համար նախատեսված այս տարվա բյուջեն ավելի պակաս է նախորդ տարիներից։
Փոխքաղաքապետի խոսքով՝ այս տարի 50 մլն դրամ էին նախատեսել գլխավոր տոնածառը թարմացնելու՝ նոր խաղալիքներ և ճյուղեր ձեռք բերելու համար, բայց հայտարարված լոտը չի կայացել, քանի որ որևէ ընկերություն հայտ չի ներկայացրել։
«Ճյուղերն ու խաղալիքները բավականին մաշված էին, բայց քանի որ այդ լոտը չկայացավ, մենք մեկ անձից գնման շրջանակներում էականորեն ավելի քիչ գնով՝ 50 միլիոնի փոխարեն 18 միլիոնով տոնածառի համար որոշակի սարքավորումներ ենք ձեռք բերել»,- հավելել է նա։
Գրիգորյանը նշել է, որ առաջիկա տարիներին նոր տոնածառ ձեռք բերելու անհրաժեշտություն չեն տեսնում։ Փոխքաղաքապետը տեղեկացրել է նաև, որ այս տարի գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին։
«Սինեմարտ» ընկերությունը քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթող էր ճանաչվել նաև 2023 և 2022-ին։ Armenia today-ի հարցին ի պատասխան՝ ընկերության խոսնակ Լևոն Սարդարյանը հայտնել էր, որ 2023-ին քաղաքապետարանի հետ 202 մլն, 2022-ին՝ 191 մլն դրամի պայմանագիր էին կնքել։