Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման QR կոդերը կգործեն 7 օր՝ Tellcell հավելվածով դրանք ձեռք բերելու պահից, հայտնել է Երևանի քաղաքապետարանը:
Նախկինում QR կոդերը վավեր էին մեկ ամիս:
Ժամկետը կրճատելու նպատակը տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովումն է, հավելել են քաղաքապետարանից։
«Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։ Առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին»,- ասված է հրապարակման մեջ։
Մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծ՝ նախատեսելով հասարակական տրանսպորտով երթևեկության արժեքի բարձրացում։ Հունիսին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ համակարգը կսկսի գործել 2025 թվականի հունվարի 1-ից։ Ավագանու նոյեմբերի 19-ի որոշմամբ՝ միասնական տոմսային համակարգի ներդրումից հետո որոշ խմբերի քաղաքացիների համար հասարակական տրանսպորտը կլինի անվճար։
Նոյեմբերի 3-ին Մարությանը հայտարարել էր հունվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաք սկսելու մասին։ Հանրային տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաք իրականացնում է նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքը։