Երևանի ավագանին նոր նախագծով կառաջարկի 100 դրամ ուղեվարձն էլեկտրոնային վճարման դեպքում պահպանել մինչև փետրվարի 1-ը, հայտնել է քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Մարտի 12-ին ընդունած նախագծով 2025-ի հունվարի 1-ից նաև էլեկտրոնային վճարման դեպքում ուղավարձի բարձրացում էր նախատեսվում՝ պայմանավորված միասնական տոմսային համակարգին անցնելու հետ։
«Երևանի ավագանու դեկտեմբերի 24-ի նիստում կառաջարկվի նոր նախագիծ, որով մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվի մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով»,- մանրամասնել ՝ Կոստանյանը։
Նա հավելել է, որ տրոլեյբուսներից օգտվելու ժամանակ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուղետոմսի 50 դրամ արժեքը կշարունակի գործել։ Կոստանյանի խոսքով՝ մետրոյից օգտվելու դեպքում քաղաքացիները մինչև փետրվարի 1-ը կշարունակեն վճարել 100 դրամ։
«Մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն։ Այսինքն՝ 100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է և անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման: Այս որոշումը պայմանավորված է միասնական տոմսային համակարգի անցումային շրջանը քաղաքացիների համար հնարավորին դյուրին կազմակերպելու գործընթացով»,- ընդգծել է Կոստանյանը։
Նա տեղեկացրել է, որ հունվարից հնարավոր կլինի ձեռք բերել նաև տրանսպորտային քարտեր, որոնց միջոցով հնարավորություն կընձեռնվի լիցքավորել նախընտրելի տոմսային փաթեթները:
«Կգործարկվի նոր կայք, որի միջոցով կստեղծվի հնարավորություն արագ և առանց դժվարությունների ձեռք բերել առցանց տոմսային փաթեթներ՝ ձեզ համար նախընտրելի տարբերակով: Կայքում նաև հնարավորություն է լինելու ձեռք բերել արտոնյալ խմբերի համար նախատեսված փաթեթները, ինչպես նաև ծանոթանալ անվճար երթևեկելու իրավունք ունեցող անձանց խմբերին»,- հավելել է խոսնակը։
Մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 25-ին ասել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել հասարակական տրանսպորտի ուղեվարձի միասնական համակարգ, որը նախատեսում է տրանսպորտի թանկացում։
Հոկտեմբերի 14-ին Կոստանյանը հայտնել էր, որ նոյեմբերի 1-ից MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ վճարային համակարգով QR կոդով վճարումը։
Հոկտեմբերի 31-ին «Մայր Հայաստան» ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը Երևանի իշխանություններին մեղադրել էր կոռուպցիոն սխեմաների մեջ՝ կապված նոյեմբերի 1-ից ավտոբուսների ուղեվարձի վճարման նոր կարգի ներդրման հետ։ Նա հայտարարել էր, որ ըստ պայմանագրի՝ Telcell-ն ու քաղաքապետարանն արդեն պետք է տեղադրած լինեին բանկային քարտերի համար սարքեր, որ մարդիկ կարողանային 100 դրամ վճարել։
Նոյեմբերի 3-ին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր հունվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաք սկսելու մասին։
Նոյեմբերի 19-ին Երևանի ավագանին ընդունել էր տրանսպորտի սակագների արտոնությունների փաթեթը, ըստ որի հունվարի 1-ից տրանսպորտից օգտվող առանձին խմբերի համար կգործեն այլ սակագներ, առանձին խմբեր տրանսպորտից անվճար կօգտվեն։