ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ելույթ ունենալով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստում, կոչ է արել այդ երկրների տարածքում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար օգտագործել խորհրդային տարիներին գործած լավագույն պրակտիկաները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեր երկրները ոչ միայն ընդհանուր սահմաններ ունեն, այլև միասնական համաճարակային տարածք, ուստի արձագանքման համատեղ միջոցառումները հիմնված են ընդհանուր լավագույն պրակտիկաների վրա, որոնք վերջնամշակվել են դեռևս խորհրդային տարիներին»,- ասել է նա՝ նշելով, որ ընդհանուր առմամբ ինֆեկցիայի տարածման իրավիճակը կայունանում է:
ՌԴ վարչապետի խոսքով՝ նիստում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի թեմային պետք է հատուկ ուշադրություն հատկացվի:
Միշուստինը նշել է, որ ընդհանուր առմամբ Համագործակցության շրջանակում հավաքական աշխատանքը ակներև օգուտներ է բերում և առավելություններ ունի նաև այլ ուղղություններում, մասնավորապես՝ անդամ երկրների տնտեսությունների համար:
ՌԴ վարչապետը նշել է, որ ԱՊՀ-ն դիտարկում է որպես կարևորագույն և օգտակար ձևաչափ բազմապլան առևտրատնտեսական և ճյուղային համագործակցության զարգացման համար: «Մեզ համար սա բացարձակ առաջնահերթություն է»,- շեշտել է նա: Նրա տվյալներով՝ 2019 թվականին հաջողվել է պահպանել փոխադարձ ապրանքաշրջանառության դրական դինամիկան: «Ապագայում կայուն տնտեսական ցուցանիշների ապահովման համար, իհարկե, կոնկրետ քայլեր են անհրաժեշտ՝ ուղղված տնտեսական ինտեգրման ընդլայնմանը»,- հավելել է նա: