ԱՄՆ-ում պղծվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը։ Ինչպես հաղորդում է Asbarez-ը, ԱՄՆ-ում բողոքի ակցիաների ընթացքում վանդալիզմի է ենթարկվել Կոլորադո նահանգի Կապիտոլիումը Դենվերում: Կապիտոլիումի մոտ գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը նույնպես վանդալիզմի զոհ է դարձել ։
Թերթը նշում է, որ շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ Կոլորադոյի հայ համայնքի ղեկավարությունը դատապարտել է «աֆրոամերիկյան համայնքի նկատմամբ շարունակվող անարդարությունը»:
«Որպես մի համայնք, որը վերապրել է Ցեղասպանությունը եւ ճնշման հարյուրամյակը, մենք ճանաչում եւ դատապարտում ենք շարունակվող անարդարությունը աֆրոամերիկյան համայնքի նկատմամբ եւ միանում նրան Ջորջ Ֆլոյդի համար արդարության կոչով», – ասված Է հայտարարության մեջ: Ընդգծվում է նաեւ, որ համայնքը խաղաղ ցուցարարների վրա պատասխանատվություն չի դնում առանձին անձանց վարքագծի համար:
Միեւնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, հայ համայնքը տարակուսանք է հայտնել, որ վանդալիզմի ակտին է ենթարկվել անարդարության զոհերի հուշարձանը: «Խաչքարը նվիրված է մարդկության դեմ բոլոր հանցագործությունների զոհերի հիշատակին, այդ թվում ՝ ստրկության եւ պետական ռասիզմին, հեգնական է, որ ովքեր հայտարարում են այն մասին, որ ձգտում են արդարության, վանդալիստական ակտի են ենթարկել մի հուշարձան, որը հարգանքի տուրք է անարդարության զոհերին», – ասված Է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ հուշարձանի նկատմամբ ցանկացած վանդալիզմ առանձնակի ցավ է առաջացնում, քանի որ հուշարձանը Ջուղայի գերեզմանոցի 3000 միջնադարյան խաչքարերից մեկի կրկնօրինակն է, որը 2005 թվականին ոչնչացվել է Ադրբեջանի կառավարության կողմից:
Կոլորադոյի հայ համայնքը կշարունակի հետեւել շարունակվող ցույցերին եւ քննարկել հուշահամալիրի պաշտպանության կարճաժամկետ եւ երկարաժամկետ միջոցառումները: «Անհրաժեշտության դեպքում մենք կրկին ու կրկին կվերականգնենք մեր Սուրբ հուշարձանը ՝ պաշտպանելով մարդու իրավունքներն ու հավասարությունը բոլորի համար», – ասվում է Կոլորադոյի հայերի համայնքի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում մայիսի 25-ից շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները, որոնք սկսվել են Մինեապոլիս քաղաքում ոստիկանության աշխատակիցների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ձերբակալության տեսագրության հրապարակումից հետո: Վերջինս ավելի ուշ մահացել էր հիվանդանոցում։