Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան YouTube-ում տեսաուղերձով Բելառուսի աշխատանքային ձեռնարկություններին կոչ է արել շարունակել և ընդլայնել գործադուլները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բելառուսի ապագան, իսկ դա նշանակում է, որ մեր երեխաների ապագան կախված է ձեր միասնությունից և ձեր վճռականությունից»,- ասել է նա։
Տիխանովսկայան կոչ է արել չտրվել ահաբեկումների և միավորվել։ «Մենք կստիպենք մեր պալատներում փակված իշխանությանը լսել մեր ձայները, որոնք նա գողացել է մեզանից», – հայտարարել է նա:
Գործադուլները Տիխանովսկայան անվանել է պայքարի օրինական և արդյունավետ մեթոդ։ Նա հայտարարել է, որ «աջակցության հիմնադրամներին արդեն միլիոններ են նվիրաբերվել»: Որպես գործադուլային շարժման թիրախ՝ Տիխանովսկայան վերստին նշել է «բռնությունը դադարեցնելու, քաղբանտարկյալներին ազատ արձակելու, թափանցիկ, ազատ և արդար ընտրություններ անցկացնելու» անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահական ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 9-ին։ Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել է ձայների 80 տոկոսը, երկրորդ տեղը զբաղեցրել է ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, նրան, ԿԸՀ – ի հաշվարկների համաձայն, պաշտպանել են ընտրություններին մասնակցած ընտրողների 10,1 տոկոսը:
Ընդդիմությունը չի ճանաչել ընտրությունների արդյունքները, փողոց են դուրս եկել հազարավոր մարդիկ, որոնք պահանջում են Լուկաշենկոյի հրաժարականը։ Բելառուսական շատ ձեռնարկություններում գործադուլներ են սկսվել, համազգային գործադուլի կոչեր են հնչում։ Փողոցներում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է մոտ 7 հազար մարդ, հարյուրավոր մարդիկ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում՝ իրավապահ մարմինների աշխատակիցները: