Մոսկվայում բացվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։ Այս մասին հայտնում է Կենտրոնի Facebook-յան էջը։
«Genome Ventures ընկերության հետ համագործակցության շնորհիվ` Մոսկվայի պատանիները նույնպես կստանան Թումոյի կրթական ծրագրին ծանոթանալու և ամենաժամանակակից ոլորտներում հմտանալու հնարավորություն», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշված հրապարակմամբ Facebook-ում կիսվել է Հայաստանի բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Նա նշել է, որ Բեյրութում և Փարիզում նմանատիպ կենտրոնների հետ միասին սա արդեն երրորդ միջազգային «Թումո» կենտրոնն է։
Նախարարն ընդգծել է, որ «Թումո » – ն բարձր մակարդակով ներկայացնում է Հայաստանը միջազգային տեխնոլոգիական ոլորտում, նոր հորիզոններ է ձևավորում հայկական կրթական և այլ տեխնոլոգիաների արտահանման համար:
Ինչպես հաղորդվում է կենտրոնի կայքում՝ TUMO MOSCOW դպրոցը գտնվում է կենտրոնական շրջանում՝ Մոսկվա-Սիթիի մոտ, նրա մակերեսը կազմում է 1000 ք/մ, ունի սեփական ձայնագրման ստուդիա, ռոբոտատեխնիկայի դաս և համակարգչային դասարաններ:
Նշվում է, որ առաջիկայում նախատեսվում է նմանատիպ կենտրոնների բացում Բեռլինում, Տոկիոյում, Կալիֆոռնիայում, Նուր Սուլթանում և աշխարհի այլ քաղաքներում: