Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ընթացքում հայտնել է երկիր մուտք գործելու կանոնների փոփոխության մասին. հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Այսպես ռուսաստանցիների հարազատները մինչև մեկ տարի ժամկետով երկարաժամկետ մուտքի վիզա կստանան։
«Այսօր կպարզեցնենք սովորական մասնավոր վիզաների ձևակերպման կարգը և Ռուսաստանի տարածքում մեր քաղաքացիների մերձավոր ազգականների՝ ամուսինների, ծնողների, երեխաների, եղբայրների ու քույրերի, պապերի ու տատիկների, թոռների գտնվելը, որոնք այլ քաղաքացիություն ունեն։ Նման բարեկամները կկարողանան երկարաժամկետ մասնավոր վիզաներ ձևակերպել՝ մինչև մեկ տարի ժամկետով», – ասել է վարչապետը ՝ նշելով, որ դա հնարավոր կլինի անել ՌԴ քաղաքացու պարզ գրավոր դիմումի հիման վրա:
Դրա համար մի շարք փոփոխություններ կմտցվեն «ՌԴ մուտք գործելու կարգի մասին» օրենքում։
Բացի այդ, Միշուստինի խոսքով, կբացառվի օրենքի այն կետը, որի պատճառով յուրաքանչյուր երեք ամիսը մեկ հյուրերը ստիպված են լինում մեկնել Ռուսաստանի սահմաններից դուրս, որպեսզի պահպանեն վիզա ստանալու իրավունքը: Նա ընդգծել է, որ դա թույլ կտա «ավելի հարմարավետ պայմաններ ստեղծել այն ընտանիքների համար, որոնք դեռևս բաժանված են սահմաններով, և հեշտացնել նրանց կյանքը, ովքեր կցանկանան մեզ մոտ մնալ»:
«Նրանք ավելի շատ ժամանակ կունենան ժամանակավոր կացության կամ կացության թույլտվության ձևակերպման համար», — բացատրել է Միշուստինը: