«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը եւ Ռուբեն Վարդանյանն այսօր հայտարարեցին 2 միլիոն ԱՄՆ դոլար օժանդակություն տրամադրելու իրենց հանձնառության մասին՝ Հայաստանի եւ Արցախի անմիջական կարիքները հոգալու եւ հայկական երկու հանրապետությունների՝ պատերազմից տուժած երիտասարդ սերնդի կրթական եւ այլ օժանդակության ֆինանսավորումն ապահովելու համար:
«Մենք խորապես անհանգստացած ենք եւ վշտացած Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ հարձակումով եւ տարածաշրջանում զինված հակամարտության բռնկումով: Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ իրականացված այս ուժգին հարձակումները միջազգային իրավունքի կոպիտ խախտում են: Մենք խստորեն դատապարտում ենք բռնության էսկալացիան՝ խոշոր տրամաչափի զենքերով խաղաղ բնակչության թիրախավորումը եւ հարձակումը քաղաքացիական ենթակառուցվածքների վրա», – հայտարարեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները: «2015 թվականին՝ օսմանյան թուրքերի իրագործած Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակի օրը, մենք դրեցինք սկիզբը մեր միջազգային մրցանակի ու մարդասիրական նախաձեռնության՝ հարգելու հայերին փրկողների հիշատակը: Երբեք չէինք պատկերացնի, որ ներկա ժամանակներում եւս ագրեսիաների հաղթահարման համար հայերն աջակցության կարիք կունենան, ինչպես այսօր։ Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր ծայրահեղ կարիքի այս պահին օգնության ձեռք են մեկնում մեզ»: