Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում լարված է: Չինաստանում արձանագրվել է շուրջ 900 դեպք՝ 26 մահվան ելքով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Դեպքեր են արձանագրվել նաև Ճապոնիայում, Թայլանդում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում. բոլորը՝ Չինաստանից բերովի:
Հունվարի 23-ի դրությամբ Առողջապահության համաշարհային կազմակերպությունը չի հայտարարել «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ», քանի որ դեպքերն ըստ կլինիկական բնորոշման «մեղմ» են, տեղայնացման աշխատանքներն արդյունավետ են, և արտակարգ իրավիճակը դիտվում է միայն Չինաստանում։ Նոր մոտեցում է ցուցաբերվել վարակի փոխանցմանը՝ գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման գործոն հիմնականում դարձել են թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքը։
Չհիվանդանալու և դեպքերի բերումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար Առողջապահության նախարարությունը կոչ է անում միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, եթե գտնվում եք Չինաստանում, հատկապես՝ Ուհան կամ հարակից քաղաքներում, ապա խուսափել կամ բացառել կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելելուց, եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններ, դիմեք բժշկական կենտրոն։