Իսրայելի Արդարության բարձրագույն դատարանը անորոշ ժամանակով հետաձգել է 67 հայցվորների խնդրագրի վերաբերյալ որոշման ընդունումը, որոնք պահանջում են վարչապետ Բենիամին Նեթանյահուին զրկել կառավարական կոալիցիա կազմելու իրավունքից՝ 2020 թվականի մարտի 2-ին կայանալիք երկրորդ կրկնակի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Kan իսրայելական պետական ռադիոն ՝ նշելով, որ այդ գործի քննարկման համար կարող է անցկացվել դատարանի ընդլայնված նիստ։
Նոյեմբերին Իսրայելի գլխավոր դատախազ Ավիհայ Մանդելբլիտը հայտարարել էր, որ Նեթանյահուին մեղադրանքներ Է առաջադրել մեկ գործով կաշառակերության և խարդախության, ևս երկու գործով հասարակական վստահությունը չարաշահելու համար:
Արդարության բարձրագույն դատարանի 1993 թվականի որոշումը նախատեսում Է նախարարների ազատում, որոնց քրեական գործերով մեղադրանքներ են ներկայացվում, սակայն այդ պահանջը չի տարածվում կառավարության ղեկավարի վրա, որը ձևականորեն իրավունք ունի պաշտոնավարել մինչև դատարանի կողմից նրա մեղավորությունը ճանաչելու պահը: Այդ կապակցությամբ մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ հայց են ներկայացրել դատարան, որպեսզի վարչապետին զրկեն մարտի 2-ի ընտրություններից հետո քաղաքական կարիերան շարունակելու հնարավորությունից։
«Կան մարդիկ, ովքեր փորձում են Արդարության բարձրագույն դատարանին ներքաշել քաղաքական ասպարեզ, որպեսզի նա իրավաբանորեն վերացնի իմ թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնում։ Ես չեմ կարող նույնիսկ ենթադրել, որ Իսրայելի Արդարության բարձրագույն դատարանը նման ծուղակի մեջ ընկնի։ Ժողովրդավարության պայմաններում՝ թե ով է ղեկավարելու ժողովուրդին, որոշում է միայն ժողովուրդը և ուրիշ ոչ ոք։ Այդպես միշտ է եղել, այդպես միշտ կլինի», – Facebook-ի իր էջում գրել է Նեթանյահուն Արդարության բարձրագույն դատարանի նիստի նախաշեմին։