Հոնկոնգի ամենահարուստ մարդկանցից մեկը ՝ Լի Կաշինը, գնել է թերթերի առաջին էջերը՝ ցուցարարներին խաղաղության կոչ անելու նպատակով։ Մեծահարուստը կոչ է արել ցուցարարներին դադարեցնել անկարգությունները «հանուն սիրո»:
Լա Կաշինի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Սիրեք ազատությունը, սիրեք հանդուրժողականությունը, սիրեք օրենքի գերակայությունը, սիրեք Չինաստանը, սիրեք Հոնկոնգը, սիրեք ինքներդ ձեզ։ Երբեմն լավ նպատակները կարող են հանգեցնել վատ հետևանքների» (մեջբերում է Bloomberg-ը)։
Ավելի ուշ Լի Կաշինը կրկնել է իր միտքը․ «Դեպի դժոխք ճանապարհը հաճախ հարթվում է բարի մտադրություններով»։
Մեծահարուստը նշել է, որ, իր կարծիքով, կառավարությունն արդեն իսկ լսել է ցուցարարների բարձրաձայն և հստակ հնչեցրած հայտարարությունները, և այժմ ջանում է համապատասխան լուծում գտնել խնդիրներին։ Bloomberg-ը հայտնում է, որ Լի Կաշինի կարծիքով Հոնկոնգի երկարաժամկետ բարգավաճումը կախված է մեկ սկզբունքի կյանքի կոչումից, այն է՝ «մեկ երկիր, երկու համակարգ»։
Ինչպես գիտենք Հոնկոնգը նախկին բրիտանական գաղութ է և Չինաստանի կազմ է ընգրկվել 1997 թ-ին և այժմ ինքնավարություն և հատուկ կարգավիճակ ունի վերջինիս կազմում։
Հիշեցնենք, որ Հոնկոնգում բողոքի ակցիաներն ընթանում են դեռ հունիսից։ Ցույցերի հրահրման պատճառ է դարձել իշխանությունների կողմից այն օրենքի ընդունման պլանները, որը հեշտացնում է հանցագործների արտահանձնման գործընթացը դեպի այն երկրներ, որոնց հետ Հոնկոնգը համապատասխան համաձայնագիր չունի, այդ թվում ՝նաև Չինաստան։