Պետդումա է ներկայացվել կառավարական օրինագիծ, որը պարզեցնում է մի շարք կատեգորիաների քաղաքացիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Օրինագիծը բացառում է ՌԴ քաղաքացիություն ստանալ ցանկացող օտարերկրացիների համար առկա քաղաքացիությունից հրաժարվելու անհրաժեշտությունը: Այս նախաձեռնությունը երեքշաբթի տեղադրվել է խորհրդարանի ստորին պալատի օրենսդրական գործունեության բազայում։
Բացի այդ, նախաձեռնությունն առաջարկում է ճշգրտել օրենքի գործող դրույթը, որի համաձայն օտարերկրացին կարող է հավակնել Ռուսաստանի քաղաքացիությանը, եթե Ռուսաստանում ապրել է ավելի քան հինգ տարի ՌԴ-ում կացության կարգավիճակ կամ ժամանակավոր բնակության թույլտվություն տալու պահից: Օրինագիծն առաջարկում է սահմանել որոշ կատեգորիաներ, որոնք կազատվեն այդ հնգամյա «բնակության ցենզը» պահպանելու անհրաժեշտությունից, ինչպես նաև ապրուստի օրինական աղբյուր ունենալու պարտականությունից:
Այդ կատեգորիաներում հայտնվում են Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիները։ Այստեղ առաջարկվում է ներառել օտարերկրացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց, եթե նրանք ունեն առնվազն մեկ ծնող-ռուս, ով ապրում է ՌԴ տարածքում։
«Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք մշտապես բնակվում են ՌԴ տարածքում և ճանաչվել են ռուսաց լեզվի կրողներ», առաջարկվում է նաև պարզեցված ձևով ՌԴ քաղաքացիություն ստանալու իրավունք տալ:
Պարզեցված ընթացակարգին, օրենքի նախագծի համաձայն, կկարողանան հավակնել նաև 18 տարին լրացած և գործունակություն ունեցող քաղաքացիություն չունեցող անձինք, եթե նրանք ունեցել են ԽՍՀՄ քաղաքացիություն, ապրել և ապրում են ԽՍՀՄ կազմի մեջ մտնող պետություններում և չեն ստացել այդ պետությունների քաղաքացիություն:
Այս պարզեցումը առաջարկվում է տարածել օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա, որոնք ժամանակավորապես կամ մշտապես բնակվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում, եթե նրանք ամուսնացած են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հետ, ապրում են Ռուսաստանի Դաշնության տարածքում,և ունեն այս ամուսնությունից ընդհանուր երեխաներ։
Բացի այդ, օրինագիծը հստակեցնում է, որ օտարերկրացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք մշտապես բնակվում են Ռուսաստանում, կարող են ակնկալել պարզեցված ընթացակարգ, եթե նրանք առնվազն երեք տարի ամուսնացած են ՌԴ-ի այն քաղաքացու հետ, որը բնակվում է ՌԴ-ի տարածքում (ներկայում Ռուսաստանում բնակվելու փաստը հաշվի չի առնվում օրենքով):
Օրենքի նախագիծն առաջարկում է երեք տարուց մինչև մեկ տարի կրճատել Ռուսաստանում աշխատանքային գործունեության ժամկետը, որի ավարտից հետո ՌԴ քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգ կարող են ակնկալել նրանք, ովքեր 2002թ.հուլիսի 1-ից հետո Ռուսաստանում մասնագիտական կրթություն են ստացել ՌԴ-ի հավատարմագրված կրթական կամ գիտական կազմակերպություններում: