Դասական գերմանական դպրոցի «Բլից-կրիգ» էր նախատեսել Ադրբեջանական կողմը։ Նպատակը՝ Արցախը 5 կամ 6 օրում գրավելն էր։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա խոստացավ մեր հավանական հաղթանակից հետո այս մասին գրել ոչ թե միայն մամուլի, այլ ռազմական գիտությունների համար՝ որպես զինվորական գիտնական։
«Բլից-կրիգի» ցամաքային բաղադրիչը, այսինքն հրետանի, տանկեր, հետևակ․․․ դասական գերմանական դպրոցի օրինակ էր։
Վերևի մակարդակում՝ օդային հարձակման միջոցները՝ ԱԹՍ-ներ, օդուժ, հետախուզություն, մի փոքր ավելի բարձր, ժամանակակից ամերիկյան մակարդակի գործողություններ են հիշեցնում։
Հովհաննիսյանը բացատրեց, որ օդային մակարդակում մղած հակառակորդի պատերազմն ավելի շատ պարունակում էր հինգերորդ սերնդի տարրեր։ Եվ քանի որ այնտեղ էր նաև թուրքական սպառազինությունը, թուրքական միջոցները, թուրքական հետախուզությունը իսրայելականի հետ, ապա այս առումով որոշակի հաջողնություններ կրենցին։
«Միևնույն ժամանակ ցամաքային հատվածում նրանք ուղղակի ձախողվել են, որովհետև բլից-կրիգն ուղղակի տապալվել է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ ավելացնելով․
«Նրանք հաշվի չեն առել, որ մեկ թիրախային օբյեկտ խոցելուց հետո մեր շարքային զինվորը կամ կրտսեր լեյտենանտը մենակ պատի տակ կարող է սպասել, մինչև իրենք 30 մետր մոտենան՝ դուրս գա խփի։ Իրենք հաշվի չեն առել շատ ու շատ հերոսական դրվագներ»։
Հովհաննիսյանի կարծիքով կարևորագույնը կառավարման համակարգն է, որն ի վերջո բերում է հաղթանակի։
«Մենք կարող ենք գործ ունենալ երկարատև պատերազմի հետ, մենք մեր տունն ենք պահում։ Մենք այս պահին չենք մտածում պատերազմի տևողության մասին»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ին, ագրեսիա են իրականացրել Արցախի Հանրապետության դեմ:
Երկու շաբաթ տեւած կատաղի մարտերից եւ միջազգային հանրության Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու կոչերից հետո, Մոսկվայի նախաձեռնությամբ ու միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները բանակցություններ անցկացրեցին:
ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոտ 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել էին 2020 թվականի հոկտեմբերի 10-ից՝ ժամը 12։00-ից հումանիտար հրադադար հաստատել:
Չնայած ձեռք բերված պայմանավորվածությանը՝ մարդասիրական հրադադարն այդպես էլ չի հաջողվել հաստատել՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները չդադարեցնելու պատճառով։