Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն՝ մանրամասնելով, որ խոսքը 2020թ. նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների մասին է։
ՔԿ-ից տեղեկացնում են, որ եղբայրներ Ս.Ի-ն և Դ.Ի-ն 2020թ. նոյեմբերի 10-ին տեղեկանալով, որ նույն թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը հրապարակվելուց հետո ՀՀ կառավարության շենքի մոտ բազմություն է հավաքվել և կատարվում են զանգվածային անկարգություններ, գնացել են նշված վայր ու միացել զանգվածային անկարգությունների մասնակիցներին:
«Ս.Ի-ն և Դ.Ի-ն զանգվածային անկարգության այլ մասնակիցների հետ ապօրինի մուտք են գործել ՀՀ կառավարության թիվ 1 շենք, գույք ոչնչացրել, ջարդել, վնասել, ապա բարձրանալով շենքի 3-րդ հարկ՝ վնասելու դիտավորությամբ ցատկել և ոտքով մեկ անգամ հարվածել է «Կարմիր դահլիճ» անվանումով սրահի մուտքի երկփեղկ դռներին։ Մոտենալով նույն հարկում տեղակայված աշխատասենյակի ընդունարանի պատին ամրացված ցուցանակին՝ քաշել և պոկել է այն, թքել դրա վրա, գցել գետնին և ոտքերով հարվածելով վնասել այն, որից հետո հանցակիցների, այդ թվում՝ Դ.Ի.-ի հետ մուտք է գործել նույն հարկում գտնվող «Սպիտակ դահլիճ» անվանումը կրող սրահ և վնասելու դիտավորությամբ ոտքով հարվածել է սրահում գտնվող փակ դռներից մեկին»,- հայտնում է ՔԿ-ն:
Գերատեսչությունից հայտնում են, որ Ս.Ի.-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Հետախուզման մեջ գտնվող Ս․ Ի․–ն հայտնաբերվել և ներկայացվել է վարույթ իրականացնող մարմնին։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ Դ.Ի-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը: Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, նրանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։
Քննչական կոմիտեն հայտնում է, որ մինչ օրս 2020 թ. նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով դատարան է ուղարկվել 39 անձանց վերաբերյալ քրեական վարույթ։
Նոյեմբերի 10-ի գիշերը եռակողմ հայտարարության ստորագրումից հետո մարդիկ ներխուժել էին կառավարության և խորհրդարանի շենքեր, ինչպես նաև ծեծի ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։