Ինչպես հայտնի է, ՀՀ ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ Ռազմական դրությամբ պայմանավորված լրատվամիջոցների սահմանափակումների հարցով։ Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ դեռ չի ծանոթացել ՄԻՊ դիմումին ու միայն ծանոթանալուց հետո կարտահայտի իր դիրքորոշումը։
Բադասյանի խոսքով՝ Թաթոյանը իրավունքների սահմանափակման ծավալի, համաչափության մասին է հարցեր բարձրացրել, ոչ թե՝ սահմանափակումների իրավաչափության։
Լրագրողի դիտարկմանը, թե ի սկզբանե լրագրողները հարց են բարձրացրել, որ սահմանափակումները ուղղակիորեն կազդեն խոսքի ազատության վրա, Բադասյանն ասաց․
«Սահմանափակման նպատակը հենց խոսքի ազատության վրա ուղիղ ազդեցություն ունենալն է, քանի որ սահմանադրությամբ նախատեսված կարգավորումը թույլ է տալիս, որ Ռազմական ու Արտակարգ դրության ժամանակ խոսքի ազատությունը սահմանափակվի։ Դրանք խիստ անհրաժեշտ են Ռազմական դրության պայմաններում՝ իրավական ռեժիմն ապահովելու նպատակով»։
Տուգանքների չափերի մասով նա նշեց, որ դիտարկում դեռ չեն ստացել, կնայեն, կքննարկեն։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով: