IMBD -ի վարկանիշների, «Кинопоиск» հարթակի և ֆորումներում ընթերցողների արձագանքների հիման վրա Armenia Today-ի թիմը ընտրել է այն սերիալները, որոնք խորհուրդ է տրվում դիտել ամանորյա արձակուրդներին:
1․«Դաստիարակություն գայլերով». 2145 թիվ: Մարդկությունը տուժել է հավատացյալների եւ աթեիստների միջև արյունալի պատերազմի հետևանքով։ Որոշ ժամանակ անց Kepler-22b մոլորակի վրա փոքրիկ նավ է վայրէջք կատարում երկու Android-ով, որոնք միմյանց Մայր եւ հայր են անվանում: Նրանց առաքելությունն է աճեցնել բերված մարդկային սաղմերը և նրանց աթեիստ դաստիարակել։
Սա գիտական ֆանտաստիկայի ժանրի ամերիկյան հեռուստասերիալ է, որը ստեղծել է Ահարոն Գուզիկովսկին։ Պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 3-ին HBO Max-ում։ Առաջին երկու սերիաները նկարահանել է Ռիդլի Սքոթթը, որը նաեւ սերիալի գործադիր պրոդյուսերն է:
IMBD վարկանիշը՝ 7․8
Վարկանիշը «Кинопоиск»-ում՝ 7․0
2․«Ժամանակակից սեր». Այս սերիալը հիմնված է իրական մարդկանց պատմությունների վրա, որոնք հրապարակվել են «Նյու Յորք թայմս» թերթի սյունակում։ Յուրաքանչյուր դրվագ մի առանձին պատմություն է սիրո մասին, սյուժետային կապ չունի մյուսների հետ։ Չնայած ժամանակային առումով սերիաների կարճ ժամանակաչափին և պատմության թեթևությանը՝ պրոդյուսերները հասցնում են շոշափել հարաբերություններում առկա բոլոր արդիական թեմաները և նույնիսկ ավելին։
Սերիալում հայտնի դերասանների խաղը էլ ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Հրավիրված աստղերի թվում են Էնն Հեթեուեյը, Օլիվիա Քուկը, Էնդրյու Սքոթը, Սոֆիա Բուտելան, Թինա Քուկը, Դեվ Պատելը և այլք:
IMBD վարկանիշը՝ 8․0
Վարկանիշը «Кинопоиск»-ում՝ 7․7
3․ «Քաղաքը բլրի վրա»․ Գործողությունը ծավալվում է 1990-ականների սկզբին Բոստոնում, որը թաղված է հանցավորության, կոռուպցիայի և ռասիզմի մեջ։ Մի օր քաղաքում հայտնվում է Բրուքլինի նոր սևամորթ շրջանային դատախազ՝ Դեկորսի Ուորդը, որը ցանկանում է փոխել գոյություն ունեցող կարգերը: Հերոսը ստիպված է կասկածելի դաշինք կնքել ՀԴԲ-ի կոռումպացված, բայց հարգված վետերան Ջեքի Ռորի հետ։ Ուորդը հույս ունի նրա օգնությամբ դուրս գալ կողոպտիչների մի շատ վտանգավոր ավազակախմբի հետքի վրա. Շուտով նրանց համագործակցությունը հիմնովին փոխում է քրեական արդարադատության համակարգը Բոստոնում։
IMBD վարկանիշը՝ 7․5
Վարկանիշը «Кинопоиск»-ում՝ 7․2
4․ «Քնքշություն». Սա խոշոր ընկերության ֆինանսական տնօրեն Ելենա Իվանովնա Պոդբերեզկինայի անձնական կյանքի պատմության շարունակությունն է։ Հերթական գործուղման ժամանակ նա պատահականորեն հանդիպում է իր երազանքի տղամարդուն և նույն պատահականությամբ կորցնում նրան։
Ելենա Իվանովնան շարունակում է փնտրել նրան՝ բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով։ Նա գործի է դնում ամեն ինչ՝ տրամաբանություն, Էզոթերիկա, ընկերուհիների օգնություն, ծանոթություն նոր տղամարդու հետ, ուղեւորություն և շատ այլ բաներ։ Նա առաջ է շարժվում, երբեմն՝ ընկնում, երբեմն՝ փախչում, սխալվում, բայց հավատում, որ հասնելու է նշանակետին։ Եվ այս սիրո որոնման դժվարին «ճանապարհին», թերևս, գտնում է ամենակարևորը՝ ինքնությունը։
Վարկանիշը «Кинопоиск»-ում՝ 7․8
5․ «Լեռնանցք»․ Ձյունով պատված Ալպերում, Գերմանիայի եւ Ավստրիայի միջեւ սահմանի վրա, ոստիկանությունը տղամարդու դի է գտնում: Զննության ժամանակ պարզվում է, որ տղամարդուն արդեն մահացած են այդտեղ բերել, նրա մոտ կեղծ փաստաթղթեր են, իսկ ձեռքին՝ ձիու պոչից մազափունջ։ Առեղծվածային հանցագործությունը բացահայտելու համար գործի են անցնում երկու դետեկտիվներ՝ երկու հարևան երկրներից։
Նրանցից մեկը կենսուրախ գերմանացի Էլլի Սթոկերն է, որը փորձում է իր աշխատանքը կատարել հնարավորինս թեթևորեն։ Իսկ մյուսը հարբեցող Գեդեոն Վինթերն է, որը հայտնվել է կյանքի հատակում։ Հետաքննության մեջ այս երկուսի համատեղությունը նմանվում է վտանգավոր խաղի, սակայն, միաժամանակ, ընթացքը ցույց է տալիս, թե որքան կարևոր է տարբեր խառնվածք ու կենսակերպ ունեցող մարդկանց պարագայում անգամ միասնական լինելը։
IMBD վարկանիշը՝ 8․0
Վարկանիշը «Кинопоиск»-ում՝ 7․7
6․ «Քաղաքական գործիչը»․ Հեղինակը «սարսափների ամերիկյան պատմություններ» ստեղծող Ռայան Մերֆին է: Սյուժեն լի է իրադարձություններով. յուրաքանչյուր դրվագում իրադարձություններն այնպես արագ են զարգանում, որը մեկ այլ ֆիլմի դեպքում կբավականացներ մի ամբողջ սեզոն նկարահանելու համար։ Այստեղ ևս իսկական մի աստղաբույլ է նկարահանվել՝ ի դեմս Բեն Պլատայի, Գվինեթ Փելթրոուի, Ջեսիկա Լանգի, Զոյի Դոյչի և Լյուսի Բոյնթոնի։
Գործողության վայրը Սանտա Բարբարայում գտնվող ավագ էլիտար դպրոցն է, որտեղ պայքար է ընթանում դպրոցական ընտրություններում հաղթելու համար:
IMBD վարկանիշը՝ 7․5
Վարկանիշը «Кинопоиск»-ում՝ 7․6
7․ «Առավոտյան շոու». Սա լավագույն սերիալներից մեկն է՝ տպավորիչ դերասանական կազմով, ի դեմս Ջենիֆեր Էնիսթոնի, Ռիզ Ուիզերսփունի եւ Սթիվ Կարելի: Երկրի ամենասիրելի հաղորդավարներից մեկին աշխատանքից ազատում են աշխատանքի վայրում իրականացրած ոտնձգությունների հետ կապված, ինչն էլ դառնում է մեծ վարկանիշ ունեցող հեռուստաալիքի ճգնաժամի պատճառ: Սերիալում հեռուստատեսային շոուների ներքին խոհանոցի բազմաթիվ մանրամասներ են բացահայտվում, որոնք ցույց են տալիս, թե ժամանակակից մեդիան ինչ ճգնաժամ է ապրում։
IMBD վարկանիշը՝ 8․4
Վարկանիշը «Кинопоиск»-ում՝ 7․9
8․ «Ժառանգները». Լոգան Ռոյը Waystar Royco միջազգային մեդիա կոնգլոմերատի հզոր, բայց արդեն ծեր ղեկավարն է: Ապագայում ընկերության կառավարումը պետք է ընդունի ավագ որդին, սակայն, մինչ այդ՝ նրա ամբողջ ընտանիքը ստիպված կլինի դիմանալ բազմաթիվ ինտրիգների, դավաճանության և իշխանության համար անթաքույց պայքարի:
IMBD վարկանիշը՝ 8․6
Վարկանիշը «Кинопоиск»-ում՝ 7․7
9․ «Սուրբ Ծննդյան երգը». Սա 3 դրվագներից բաղկացած մինի-սերիալ է, որը հիմնված է Չարլզ Դիքենսի համանուն պատմվածքի վրա: Ժլատ Սքրուջի քավության պատմությունը բոլորին ծանոթ է, բայց պրոդյուսերներին՝ ի դեմս Ռիդլի Սքոթի, Թոմ Հարդիի և Սթիվեն Նայթի, հաջողվել է նոր կյանք հաղորդել դրան։ Էկրանի վրա մենք տեսնում ենք ոչ թե Սուրբ Ծննդյան պատմությունը, այլ մռայլ ու անելանելի իրականությունը։ Գայ Պիերսի կատարմամբ Սքրուջը ամենաաղմկոտն է։
IMBD վարկանիշը՝ 7․2
Վարկանիշը «Кинопоиск»-ում՝ 6․8
10․ «Պահապաններ». 1921 թ., Օկլահոմա նահանգի Թալսա քաղաք։ Ռասիստական խմբավորումները կազմակերպում են իսկական սպանդ Սև թաղամասում։ Ուիլ անունով տղային հաջողվում է փախչել, սակայն նրա ծնողներին տխուր ճակատագիր է վիճակվում։
2019 թ. 1980-ականների կեսերին հսկայական ութոտնուկի Նյու Յորքի վրա ընկնելուց հետո մինչ օրս համատարած կարճատեւ անձրեւներ են տեղում նրա ոտքերից։ Նահանգներն արդեն 27 տարի ղեկավարում է Ռոբերտ Ռեդֆորդը, իսկ դոկտոր Մանհեթենը մեկնել է Մարս: Երեք տարի առաջ Թալսում տեղի է ունեցել նոր սպանդ. Այս ամենից տեղյակ անհայտ անձինք Ռորշահի դիմակներով սպանում են քաղաքի գրեթե բոլոր ոստիկաններին եւ նրանց ընտանիքների անդամներին, որից հետո ոստիկաններն սկսում են թաքցնել դեմքերը հատուկ դեղին դիմակապերով։ Այժմ, երբ տեղի է ունեցել սևամորթ պարեկային ծառայողի հերթական սպանությունը, դետեկտիվ Անջելա Աբարը հասկանում է, որ այդ ամբողջ ընթացքում ընդհատակ անցած «Յոթերորդ հեծելազոր» ռասիստական կազմակերպությունը կրկին ակտիվացել է:
IMBD վարկանիշը՝ 8․1
Վարկանիշը «Кинопоиск»-ում՝ 6․9