Ամեն մարդ իր խաչն ունի կրելու այս աշխարհում: Իմ խաչը ես տանում եմ արիաբար և կուզեի, որ դու ևս քոնը կրել կարողանաս: Բոլոր կյանքերը նույն արժեքն ունին հավերժության տեսակետով:
Բայց վերջապես մարդկային է կամենալ, որ փուշ չլինենք կյանքում… կամ տատասկ: Մի տարածություն է, որ պիտի լցվի` ծնունդից մինչև մահ. բայց ներելի է ցանկանալ, որ այդ տարածությունն անցնենք առանց չարիք բերելու մեր կողքից անցնողներին: Պետք է սովորել տառապանքի քաղցրության:
Ոչ մի կերպ տառապանքն ավելի անարժեք չէ, քան հաճույքը. երկուսն էլ ստեղծագործ կարողություններ են և կարող են խորին վայելք տալ մարդուն: Անկասկած, մենք մարդ ենք, և կպատահի, որ խաչի ճամփին նախանձով նայենք վայելքի անձնատուր մարդուն կամ վայելքի սեղանի վրա նախանձենք անապաստան դերվիշին, որ ազատ է շատ մտահոգիչ հույզերից, բայց կարևորն այն գործն է, որ տրվում է մեզ ճակատագրով…