Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած խորհրդատվական բարձրագույն կոմիտեի նիստում որոշում է կայացվել ստեղծել հատուկ մարմին՝ հանձնաժողով, որը պիտի զբաղվի Հայոց ցեղասպանության հարցերով։
Էրդողանի հրահանգով՝ նոր կառույցը պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության թեմայով նոր մարտավարության մշակմամբ, ինչպես նաև միջազգային հարթակներում այդ թեմայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին պատասխան քայլեր կազմելու գործառույթով։
Այդ հանձնաժողովի ստեղծման, դրա ձևավորման վրա ազդեցություն ունեցած գործոնների ու Հայոց ցեղասպանության ժխտողականության ուղղությամբ Թուրքիայի վարած քաղաքականության մասին Armenia Today-ը զրուցել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։
-Պարոն Սաֆրաստյան, ո՞րն է այս հանձնաժողովի ստեղծման գլխավոր նպատակը, արդյոք Թուրքիայի իշխանությունները ինստիտուցիոնալիզացնու՞մ են Հայոց ցեղասպանության ժխտումն ու այդ գործընթացքը փորձում կառավարել մեկ կենտրոնից։
-Այս հարցի առնչությամբ կցանկանայի մի քանի կետերի վրա կանգ առնել:
Առաջին՝ սրանից մի քանի օր առաջ Էրդողանի նախագահությամբ տեղի ունեցավ խորհրդատվական բարձրագույն կոմիտեի նիստը, որի անդամներն են Թուրքիայի ազգային մեծ ժողովի՝ խորհրդարանի վեց նախկին նախագահները։ Կարծում են՝ այդ խորհրդակցության ժամանակ է ընդունվել Հայոց ցեղասպանության ժխտմամբ զբաղվող մարմին ստեղծելու որոշումը։
Երկրորդ՝ Հայոց ցեղասպանության ժխտողականությունը սկզբունքորեն նոր քայլ չէ Թուրքիայի ղեկավարության կողմից։ Թուրքիան՝ պաշտոնապես և համակարգված, տասնամյակներ շարունակ կեղծում է Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը և այդ ուղղությամբ լայնածավալ պրոպագանդիստական աշխատանք է տանում աշխարհի տարբեր երկրներում, որտեղ գործում են և՛ թուրքական լոբբիստական կազմակերպություններ, և՛ կաշառքի համակարգ, որով փորձում են կաշառել այդ երկրների պետական գործիչներին։
-Ի՞նչ արտաքին ու ներքին հանգամանքներ են նպաստել նման հանձնաժողով ստեղծելուն ու ինչու՞ հենց հիմա որոշեցին ստեղծել։
-Իմ կարծիքով այստեղ երկու հանգամանք կա։ Առաջինն այն է, որ աշխարհում գնալով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը մեծ թափ է ստանում։ Մասնավորապես՝ անցյալ տարվա վերջին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևերը լուրջ խթան հանդիսացան ճանաչումների գործընթացի համար, և այս ամենը թուրքական կողմը լավ գիտակցում է ու փորձում է դեմն առնել՝ կեղծարարության քաղաքականությունն ակտիվացնելով։
Երկրորդ հանգամանքն այն է, որ վերջին տարիներին Թուրքիայի հեղինակությունն ընկել է՝ պայմանավորված Էրդողանի անձով ու տարածաշրջանում Թուրքիայի վարած ագրեսիվ քաղաքականությամբ, բացի այդ, Թուրքիան արդեն իր հակասությունները չի թաքցնում ՆԱՏՕ-ի անդամ իր դաշնակիցների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի հետ։
Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարելով՝ Թուրքիան փորձում է որոշ չափով վերականգնել իր իմիջը։ Այժմ տարբեր երկրներում, որոնք դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, տեղի են ունենում ցեղասպանության մասին այդ երկրների հասարակության ծանոթացման գործընթացներ և այդ երկրները պատրաստվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որն էլ ավելի կթուլացնի ցեղասպանության հարցում Թուրքիայի ունեցած դիրքներն ու իմիջը։ Ուստի, այս մարմնի ստեղծումը նաև այդ գործընթացները կանխելու նպատակ ունի։
Պետք է հաշվի առնել նաև այն, որ Թուրքիայի ներսում էլ այս հարցի վերաբերյալ խնդիրներ կան։ Վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ Թուրքիայում հաստատվել է ճնշումների այնպիսի համակարգ, որ հնարավոր չէ շատ թե քիչ ճշմարտացի խոսք ասել Հայոց ցեղասպանության մասին։ Եթե մինչ այդ Թուրքիայում որոշ գործիչներ կարողանում էին Հայոց ցեղասպանության մասին քիչ թե շատ ճշմարտացի խոսք ասել, ապա հիմա դա անհնարին է դարձել, բռնաճնշումները շատ են մեծացել ու մարդիկ ուղղակի վախենում են խոսել։
Թուրքիայում կառավարող Արդարություն և զարգացում կուսակցության վարկանիշը վերջին տարիներին անկում է ապրում, և նույնիսկ որոշ հարցումներ ցույց են տալիս, որ ընտրությունների ժամանակ ընդդիմությունն ավելի շատ ձայներ կարող է ստանալ, քան՝ ղեկավարող կուսակցությունը։
Կարծում եմ՝ այս մարմնի ստեղծմամբ՝ ղեկավարող կուսակցությունը նպատակ ունի համախմբել երկրում առկա ծայրահեղական ուժերին՝ Էրդողանի կուսակցության շուրջ։
-Հայկական կողմն ի՞նչ նոր գործիքակազմով ու մեթոդներով կարող է պայքարել այդ հանձնաժողովի տարածած կեղծ ու պատմությունը խեղաթյուրող տեղեկատվության դեմ։
-Հայկական սփյուռքի, սփյուռքում գործող հայկական կազմակերպությունների, Հայ դատի գրասենյակների, հայկական լոբբիստական խմբերի դերակատարությունն այս հարցում զգալի է, ուղղակի պետք է ավելի ակտիվացնեն աշխատանքն ու թիրախավորված աշխատեն։
Ինչ վերաբերում է այս բնագավառում մեր երկրի գործունեությանը, ապա տասնամյակներ շարունակ Հայաստանն աշխատում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ, բայց այս պարագայում պետք է ավելի ինտենսիվ աշխատել, որպեսզի թուրքական կեղծարարության այս ալիքը կարողանան կանգնեցնել։ Միաժամանակ նշեմ, որ չեմ կարծում՝ պետք է այդ ուղղությամբ սկզբունքորեն նոր մեթոդներ կիրառնենք, այդ մեթոդներն արդեն հայտնի են ու հաջողությամբ կիրառվում են և դրա արդյունքում մենք տեսնում ենք՝ աշխարհում ավելի շատ երկրներ են Հայոց ցեղասպանությունը ճանաչում՝ ընդ որում մեկ երկրում հաճախ իշխանության տարբեր մարմիններ են ճանաչում Հայոց ցեղասպանությունը։
Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու հատուցման՝ պահանջատիրության պայքարի շրջանակներում պետք է չմոռանանք, որ գոյություն ունի նաև Հայկական հարցը՝ որպես տարածքային հարց, որպես հայ ժողովրդի պետականության վերականգնման հարց իր բնօրրանում, և պետք է այս ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ տանենք։
Այդ ամենի համար պետք է երկրի ներսում մեր երիտասադրության հետ աշխատենք։ Այդ խնդրի նկատմամբ երիտասարդության շրջանում մի կողմից կա հետաքրքրություն, մյուս կողմից Հայկական հարցի վերաբերյալ քիչ գիտելիքներ ունեն։ Այս տարի պետք է օգտագործենք այն հանգամանքը, որ լրանում է Վիլսոնի իրավարար վճռի՝ Սևրի պայմանագրի 100 տարին և այս հարցի վերաբերյալ մեր երիտասարդության գիտելիքները պետք է մեծացնենք՝ հնարավորություն տալով Հայկական հարցի վերաբերյալ խորքային պատկերացում ունենալ։ Հայկական հարցը հայկական քաղաքակրթության ամենակարևոր բանալի խնդիրներից մեկն է ու կապված է մեր ինքնության հետ։
Պետք է նաև ուշիուշով հետևել տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներին, որովհետև տեսնում ենք, որ տարածաշրջանը մտել է այնպիսի փուլ, որ պետությունները թուլանում են, սահմաններ են կանգնած փոփոխության եզրին՝ հնարավորություն ստեղծելով նոր պետությունների առաջացման համար, և այս պայմաններում մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ գա այնպիսի պահ, որ Սևրի պայմանագրին անդրադարձ լինի՝ աշխարհի հզոր տերությունների կողմից, իսկ Սևրի պայմանագիրը ոչ միայն մեզ է վերաբերում, այլև՝ ամբողջ Մերձավոր Արևելքին։
Այժմ Մերձավոր Արևելքում մոտենում է այն փուլը, որ հնարավոր է տեղի ունենան պետությունների փլուզում, սահմանների փոփոխություն, նոր պետությունների առաջացում, ուստի այս պարագայում հնարավոր է Սևրի պայմանագիրն ակտուալ դառնա, քանի որ այն ժամանակին կարգավորել է Մերձավոր Արևելքը, և այս պայմաններում մենք պետք է պատրաստ լինենք և՛ գիտականորեն, և՛ քաղաքականորեն մեր պահանջները ներկայացնել ժամանակակից միջազգային իրավունքի, ժամանակակից ընկալումների լեզվով։ Այնպես, որ Հայկական հարցը, համոզված եմ, ոչ միայն անցյալ է, այլև՝ հնարավորությունների դեպքում՝ նաև ապագա։
Վարդուհի Մկրտչյան