Նա հստակեցնում է, որ ամռանը շատերը արձակուրդ չգնացին և բիզնեսներն աշխատացրեցին, ինչն էլ նպաստեց ոլորտի աշխուժացմանը։
«Շինարարության ոլորտն ակտիվացել է։ Նաև նոր արտադրությունների ստեղծման պատճառով է աշխատատեղերի վերականգնում եղել»,- հավելեց տնտեսագետը։
Դեռ ապրիլ ամսին Գործատուների միությունը հետազոտություններ է անցկացրել տնտեսավարողների շրջանում՝ պարզելու, թե կորոնավիրուսն ինչ ազդեցություն է թողել բիզնեսի վրա։
Հարցվածների 89 տոկոսը պատասխանել է, որ չի պատրաստվում աշխատողներին կրճատել, բայց հետո վիճակն ավելի է վատացել։ Գագիկ Մակարյանն ասում է, որ հիմա նորից են 600 կազմակերպությունների հարցումներ ուղարկել, որպեսզի կարողանան գնահատել, թե 5 ամիս անց՝ բիզնեսն ինչ վիճակում է։
Մինչև այս դիտարկումների պատկերը կպարզվի, առևտրային կետերի ուսումնասիրության արդյունքները հուսադրող չեն։
«Հատկապես մարզերում ասում են, որ արդեն սկսել են «նիսյայով» վաճառել։ Առաջվա առևտրի ծավալները չկան։ Սա խոսում է այն մասին, որ ժողովուրդը գնողունականություն չունի։ Իսկ ինչո՞ւ գնողունականություն չունի, որովհետև աշխատավարձի մի մասը հարկադիր պարապուրդի կամ կրճատումների պատճառով նվազեց, կամ էլ իրենց ազատել են աշխատանքից։ Գնողունականության անկումը դրանով է պայմանավորված։ Հաջորդ գործոնը աշխատանքային միգրանտներն են. նրանք չկարողացան մեկնել արտագնա աշխատանքի՝ փակ սահմանների պատճառով։ Բիզնեսի վիճակը, մանավանդ առևտրի ոլորտում, ցույց է տալիս, որ խնդիրները դեռևս առջևում են, խնդիրները հաղթահարված չեն։ Շատ հնարավոր է, որ, այնուամենայնիվ, բազմաթիվ ընկերություններ չկարողանան իրենց եկամտաբերությունն ապահովել։ Հետևաբար, աշխատողների կրճատման կամ մասնակի վճարման խնդիրներ կլինեն։ Սա, իհարկե, դրական ազդակ չէ, բայց այդ երևույթները պետք է կանխատեսել, եթե կորոնավիրուսի նոր հոսքեր սկսվեն»,- նկատեց տնտեսագետը։
Գործատուների միության նախագահի կարծիքով՝ աշխատատեղերի վերականգնումը դեռևս չի խոսում աղքատության նվազման կամ գործազրկության նվազման մասին, որովհետև գործազրկության մակարդակը դեռ բավականին բարձր է։
Տնտեսագետի հաշվարկներով՝ մինչև տարեվերջ գործազրկությունը մոտ 80 հազարով կավելանա․ 2018թ.-ին 245 հազար գործազուրկ կար, որի մի մասը 2019 թ. ստվերից եկավ, և թիվը դարձավ 210 հազար։ Կառավարության կողմից համապատասխան քայլեր չձեռնարկելու դեպքում, տնտեսագետի կանխատեսմամբ, մինչև տարեվերջ գործազրկության թիվը կմոտենա 300 հազարի։
Հիշեցնենք, որ երեկ՝ ԱԺ-ում, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ աշխատատեղերի ավելացման մասին հարցին ի պատասխան, հայտարարել է, որ ապրիլին կրճատված 70 000 աշխատատեղերը վերականգնվել են։ Իսկ արդեն հուլիսի տվյալներով՝ 2019-ի հուլիսի համեմատ աշխատատեղերը ավելացել են 6600-ով: