Հայ-ադրբեջանական սահմանին ցանկացած բախում կարող է վերածվել լայնածավալ հակամարտության. հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը РБК-ին տված հարցազրույցում:
«Օբյեկտիվորեն նման սպառնալիք մշտապես առկա է շփման գծի ողջ երկայնքով», – ասել է Քոչարյանը: Նրա խոսքով, դրանով է բացատրվում նաև Ռուսաստանի և միջազգային միջնորդների արագ արձագանքը հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումներին:
Միևնույն ժամանակ, նախկին նախագահն ընդգծել է, որ Տավուշյան բախումների մասշտաբը փոքր էր և անհամեմատելի 2016-ի իրադարձությունների հետ:
Քոչարյանը նաև հայտարարել է, որ Թուրքիան էքզիստենցիալ (գոյաբանական) սպառնալիք է Հայաստանի համար։ Նախկին նախագահի խոսքով՝ Թուրքիան իրեն խիստ ագրեսիվ է պահել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հուլիսյան հակամարտության ընթացքում։
Քոչարյանը նշել է, որ ինքը տեղեկություն չունի, թե հնարավոր է՝ Թուրքիան էր «դրդել» այդ միջադեպը։ «Ինձ թվում է, որ միջադեպը տեղի է ունեցել պատերազմող կողմերի առաջապահ զորքերի դիրքերի ամրապնդման հետ կապված։ Բայց Թուրքիայի միջամտությունն այս գործընթացներին բազմաթիվ հարցեր է առաջացնում», – հայտարարել է Քոչարյանը:
Նրա խոսքով, Թուրքիան միշտ «աչք է ունեցել» Հարավային Կովկասի վրա և այդ իրավիճակում նա, հավանաբար, փորձում է ընդլայնել իր ազդեցությունը, իր ներկայությունը:
«Եթե մինչև վերջ օբյեկտիվ լինենք, պետք է հասկանալ, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որն ի վիճակի է զսպել Թուրքիայի նման նկրտումները։ Վաշինգտոնյան, բրյուսելյան ճիչերն արդեն չեն աշխատում», – ասել է Քոչարյանը։