Արդեն որերորդ անգամ համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, որ ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկում քաղաքացիներին դիմակ չկրելու համար: Այս մասին ԱԺ նիստի մեկնարկին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ ոստիկանները լավագույն դեպքում կարող են տուգանել քաղաքացիներին, բայց ո՛չ բերման ենթարկել:
«Ես դատապարտում եմ այդ ոչ իրավաչափ քայլերը և կոչ եմ անում Ձեզ, պարոն Միրզոյան, միանալ և պահանջել նշանակել ծառայողական քննություն։ Դուք ասել եք, որ իշխանության չեք եկել, այլ ժողովուրդն է եկել. ստացվում է նման ձևով իշխանությանը անարգում և նրանց իրավունքները ոտնահարում են»,- ասաց Մարուքյանը:
Արձագանքելով ԼՀ խմբակցության ղեկավարի դիտարկմանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նկատեց, որ դատապարտելուց առաջ պետք է նախ պարզել, թե ինչ է եղել։
«Բոլոր փաստերով իրականացվում է ծառայողական քննություն, և քննության արդյունքներից հետո կարող ենք ինչ-որ բան դատապարտել, կամ չդատապարտել: Ասեմ, որ բոլոր տեսանյութերում նկարագրված իրավիճակները շատ կարճ, հատուկ մոնտաժված տեսանյութեր են: Նախապատմությունը ոչ մեկը չգիտի, թե ինչ է եղել, ինչպիսի դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին և այլն: Սպասենք ծառայողական քննությանը, որից հետո կամ կդատապարտենք, կամ կասենք՝ ապրեք, լավ եք աշխատել»,- նշեց նա։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով՝ եթե քաղաքացու իրավունքները խախտվել են, նա իրավունք ունի դիմելու համապատասխան մարմիններին, սակայն գնահատական պետք է տալ միայն ծառայողական քննությունից հետո: Նա նշեց, որ կյանքն է այդպիսին, որ որոշ մարդիկ անում են զանցանքներ, հանցանքներ, որի համար կա իրավապահ համակարգ. «Եթե սահմանված նորմերը խախտվում են և դրանց համար նախատեսվում են տուժանքներ, ոստիկանությունը պարտավոր է դա իրականացնել: Տեսական ասել դատապարտում ենք ոստիկանին կամ քաղաքացուն՝ ո՞նց կլինի։ Այդպես չի կարելի ասել՝ դատապարտում ենք. ոստիկանն էլ է քաղաքացի, քաղաքացին էլ է մերը, ոստիկանն էլ է մերը»,- նշեց Միրզոյանը։
Նշենք, որ համացանցում առաջին անգամ չէ, որ ոստիկանների մասնակցությամբ նման տեսանյութեր են տարածվում։ Մասնավորապես ամենաթարմը երեկ երեկոյան Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում հրմշտոց, քաշքշուկ ու կռիվ է եղել քաղաքացու և ոստիկանների միջև: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մի քանի ոստիկաններ մի կնոջ են կագնեցրել՝ դիմակ չդնելու համար, վերջինս էլ պնդել է, թե ինքը դիմակ կրել է: