Եթե նման հանդիպում լինի, կտեղակացնենք։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն՝ անդրադառնալով հարցին, թե «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների՝ անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկը քննարկվե՞լ է։
Այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ վարչապետից դեռ արձագանք չեն ստացել։
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը կրկին դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկով։ Շուրջ երկու շաբաթ առաջ էլ էին նույն պահանջով դիմել, սակայն, այդպես էլ նիստը չկայացավ։
Իվետա Տոնոյանն ասել է, որ Արցախում իրավիճակի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությանը տիրապետում են բացառապես իշխանությունները։
Ուստի, ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերն առավել քան իրավունք ունեն տիրապետելու Արցախի և ՀՀ սահմանների անվտանգության վերաբերյալ ինֆորմացիային։