Տարիներ առաջ հենց Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ եթե հավաքը կրում է խաղաղ բնույթ, ապա ոստիկանությունը պարտավոր է ապահովել հավաքի անվտանգությունը, այսօր «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ–տնտեսական հետևանքները․ գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկմանը հայտարարեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ԱԺ-ի դիմաց իր բողոքի ակցիային, ինչից հետո նրան բերման էին ենթարկել:
«Սա հանդուրժման սկզբունքն է, եթե հավաքը խաղաղ է, պետությունը չի կարող ցրել, քաշքշել, տանել: Ես այս երեսպաշտության վրա իսկապես զարմացած եմ: Նույն մարդիկ էին: Պետությունը թող խաղաղ հավաքի ավարտից հետո պատասխանատվության ենթարկի անձանց, եթե կան դրա հիմքերը»,-ասաց Մելիքյանը:
Նրա խոսքով՝ համաճարակի անունը տալով՝ էլ ավելի է մեծանում համաճարակի վտանգը. «Հանդուրժման սկզբունքը պահանջում է, որ ոստիկանությունը ոչ միայն ձեռնպահ մնա հավաքին միջամտելուց, այլև կոնկրետ գործողություններով ապահովի հավաքի անվտանգությունը: Այսօր՝ կորոնավիրուսի պայմաններում, դա նշանակում է ոչ միայն, օրինակ, սադրիչներին հեռացնել, այլև ստեղծել սոցիալական հեռավորության հնարավորություն»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:
Խոսքելով պարետի որոշմումների մասին՝ իրավապաշտպանը նշեց, որ ՀՀ Սահմանադրությամբ նորմատիվ իրավական ակտեր կարող են կայացնել բացառապես Սահմանադրությամբ նախատեսված մարմինները և ոչ պարետը.
«Եթե որևէ մեկը Սահմանադրության մեջ գտնի պարետ բառը, ես խոսքերս հետ կվերցնեմ: Պարետը Սահմանադրությամբ նախատեսված մարմին չէ: Սահմանադրությամբ ով է պարետը, որ մի հատ էլ կանոններ սահմանի, այդ հարցը բարձրացվելու է իրավական ճանապարհով»,-ասաց Մելիքյանը: