Հոկտեմբերի 5-ից Վանաձորում մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ սքրինինգային հետազոտությունները սկսելու են Վանաձոր քաղաքում և Գուգարքի տարածաշրջանի 26 համայնքում:
«50-69 տարեկան կանայք, ովքեր գրանցված են Վանաձորի պոլիկլինիկաներում, ինչպես նաև Գուգարքի, Մարգահովիտի, Վահագնի, Լեռնապատի և Շահումյանի բուժամբուլատորիաներում, հոկտեմբերի 5-ից կարող են մոտենալ իրենց ընտանեկան բժշկին/թերապևտին և հերթագրվել անվճար մամոգրաֆիա անցնելու համար»,- ասվում է ԱՆ հրապարակման մեջ:
Հաղորդվում է, որ շարժական մամոգրաֆը շրջելու է նաև Լոռու մարզի մյուս քաղաքներում, որի մասին լրացուցիչ կհայտնենք:
Հիշեցնենք՝ փետրվարին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ մարտին Իտալիայից Հայաստան կբերվի շարժական մամոգրաֆիայի կենտրոնը, սակայն կորոնավիրուսային համավարակով պայմանավորված`սահմանված ժամկետներում հնարավոր չեղավ դա անել։
Նախարարը մարտին հայտնել էր, որ Իտալիայում գործող սահմանափակումների մեղմացումից հետո շարժական մամոգրաֆը շարժվել էր դեպի Հայաստան, իսկ մայիսին արդեն հասել էր ՀՀ։