Հանրապետությունում արդեն վերականգնվել է թոքերի արհեստական օդափոխության 10 սարք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում այն կտրամադրեն Առողջապահության նախարարությանը։
«Անդրադարձ կատարելով թոքերի արհեստական օդափոխման սարքերի վերաբերյալ հավաքագրման վերաբերյալ շատ լավ արձագանքներ ենք ստացել, 280-ից ավելի նամակներ ենք ստացել, որոնք արդեն ուսումնասիրվել ու դասակարգվել են վերջին երկու օրերի ընթացքում»,- ասաց Արշակյանը։
Նախարարը նաև հայտնեց, որ Տժտասնյակ նամակներ են ստացել արտերկրից՝ Լիբանանի, ՌԴ-ի, Գերմանիայի, ԱՄՆ-ի մեր հայրենակիցներից, ովքեր անհրաժեշտության դեպքում պատրաստ են օգնել տեղի ինժեներներին՝ միջազգային փորձանմուշներ ստանալու, մասնագիտական խորհրդատվության հարցում։
Խոսելով սարքների տեղում արտադրության հնարավորությունների մասին՝ Արշակյանը հայտնեց, որ վերջերս տասնյակ նյութեր են շրջանառվում տարբեր մարդկանց և խմբերի կողմից․ որոշներն, իհարկե, լուրջ սարքեր են, բայց մեծամասնությունը 3D պրինտերով տպած սարքեր են, որոնք, ըստ էության, չեն լուծում այն խնդիրները, որոնք դրված են։
«Սարքերն իրականում պետք է ունենան արձագանքման համակարգեր, տարբեր տեսակի սենսորներ, որոնք գնահատում են պացիենտի վիճակը և ըստ դրա են գործում։ Այդ սարքը միայն պոմպի դեր չի կատարում, օդ մղում ու արտամղում, այլ ամբողջապես փոխարինում է շնչառական համակարգին, և անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի կամ որևէ ինդիկատոր միանա, բժիշկներին տեղեկացնի իրավիճակի մասին։ Այդպիսի սարքերիի նախագծումը բավական բարդ պրոցես է»,- ասաց Հակոբ Արշակյանը։