Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը՝ տեղեկացնում են Կրեմլի պաշտոնական կայքը:
Երկու երկրների ղեկավարները մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա էսկալացիայի կանխմանը և ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական ու դիվանագիտական կարգավորման նպատակով բանակցությունների շուտափույթ վերսկսմանը միտված ձեռնարկվող քայլերի մասին: Շեշտվել է հոկտեմբերի 10-ին և 17-ին կրակի դադարեցման վերաբերյալ հակամարտող կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության պահպանման կարևորությունը:
Ընդգծվել է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ՝ Ռուսաստանի ու Ֆրանսիայի, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գծով, սերտ համակարգումը շարունակելու պատրաստակամությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 772 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից: