Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությամբ թշնամուն հանձնված Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի տեղահանված բնակիչներին զարմացրել է կառավարության նիստում երեկ ընդունած որոշումը։
Հիշեցնենք, որ բերձորցիները այսօր բաց նամակ են հրապարակել՝ ուղղված աշխատանքի, սոցիալական հարցերի նախարարությանը՝ բարձրաձայնելով իրենց մտահոգող հարցերը.
«Այս դժնի ու անհույս օրերին, հասկանալով ՀՀ-ում և ԱՀ-ում առկա իրավիճակը, այնուամենայնիվ, չկարողացանք զսպել մեր զարմանքը` ծանոթանալով ՀՀ կառավարության 21.11.2020թ. N 1820-Լ և 27.11.2020թ. N 1891-Լ որոշումներով սահմանված` Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության միջոցառմանը, ավելի ճիշտ, որոշման ՑԱՆԿԻՆ, որով սահմանվում են բնակավայրերը, որոնց բնակիչները կարող են օգտվել աջակցության ծրագրից:
Այսպիսով, նշված ցանկից բացակայում է Բերձորը:
Դա, առնվազն, զարմանք է հարուցում, քանի որ ոչ մի տրամաբանություն չկա Բերձորն այդ ցանկում չներառելու մեջ: Ի՞նչ է, ըստ ձեզ, Բերձորից տեղահանվածները չունե՞ն բնակարանային, առողջապահական, կոմունալ ծառայությունների կարիքներ, բերձորցիները չպիտի՞ վճարեն իրենց բնակվարձերը, թե՞ կորոնավիրուսն է մեզ շրջանցելու հատուկ հանձնարարական ստացել:
Ցավալի է, շատ ցավալի, որ հաշվի չեք առել անգամ այն հանգամանքը, որ բզկտված, վերահառնած, ապա նորից բզկտված Բերձորը ողջ Հայաստանից հետ չի մնացել պատերազմին իր մասնակցությամբ: Ավելին, պատերազմի առաջին իսկ օրից Բերձորի որդիները եղել են ճակատի առաջնագծում:
Եվ հիմա, ի՞նչն է պատճառը, որ դուք հանրային դժգոհության նման իրավիճակում ձեր դեմ եք տրամադրում հարյուրավոր բերձորցիների, որոնք տարիներ շարունակ եղել են մեր պետության օրինապահ քաղաքացիներ և կատարել են իրենց պարտքը պետության հանդեպ:
Մեծարգո պարոնայք, հարգեք, խնդրում ենք, մեր կարգավիճակը, տուն-տեղից զրկված և լուրջ դժվարությունների առաջ կանգնած մարդկանց մի առանձնացրեք, մի զրկեք աջակցությունից: Վերանայեք ձեր որոշումը»։