Այսօր կայացած մամուլի ասուլիսին անդրադառնալով իր հրաժարականի պահանջին՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասել է.
«Եթե հիմքեր լինեն, ես ինքս մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին ու դիմում կգրեմ: Իմ դեմ ողղված բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է: Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այս բարեփոխումների ընթացքում և արդյունքում մենք ունենալու ենք մի սերունդ, որն այլևս նրանց հենքը և հիմքը չի հանդիսանալու. լինելու է քննադատող, վերլուծող, իսկ այդ սերունդը, եթե վերլուծի այդ շրջանակների գործունեությունը, ապա միանգամից որոշում կկայացնի, որ երբևէ, որևէ առիթով այդ շրջանակներին չի սատարելու»:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ տարբեր շղարշների, կեղծ արժեքների անվան տակ պայքար իրականացնող խմբերը այլևս զրկվելու են հասարակության աջակցությունից։
«Եթե տեսնեմ, որ դրա նախադրյալները կան ու մենք սխալ ուղղությամբ ենք առաջ գնում, ինքս հրաժարականի դիմում կգրեմ: Դուք հիշո՞ւմ եք 2016 թվականը: ՀՀ պատմության մեջ առաջին անգամ, ընդ որում՝ քաղաքական ուժի ղեկավարությունը, հրաժարական տվեց ՏԻՄ ընտրություններում անհաջողությունից հետո:
Ես ներկայիս իշխող կուսակցության վարչության նախագահն էի: Ես հրաժարական եմ տվել իմ պաշտոնից՝ վերցնելով դրա համար պատասխանատվություն»,- ասել է Հարությունյանը և հորդորել չվախեցնել իրեն հրաժարականի պահանջներով, որովհետև, հանդիսանալով հեղափոխական թիմի առաջնորդներից մեկը, առաքելություն է ստացել ոլորտը բարեփոխելու և եթե զգա, որ սխալ ուղղությամբ է գնում՝ անձամբ հրաժարական կտա։
ԿԳՄՍ նախարարը նշել է նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ որ բողոքող խմբերն ունենան օրակարգ, նա պատրաստ է այդ խմբերի հետ հանդիպում ունենալ, սակայն անիմաստ է գտնում հրաժարականը պահանջող խմբերի հետ քննարկում ծավալելը։
«Դա իրենց պայքարի և իրենց օրակարգի հարցն է։ Իմ օրակարգային հարցը ոլորտի բարեփոխումն է և ոլորտում նորություններ բերելն է»,- ասել է Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է, ինչ տարբեր խմբավորումներ՝ տարբեր պահանջներով պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։