Երևան քաղաքի ավագանին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, 5-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ փոփոխություններ կատարեց «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» որոշման մեջ։ Ըստ այդմ՝ Երևանի եկամուտները կավելացվեն 60 մլն 014 հազար դրամով, ծախսերի գումարն էլ կնվազեցվի 233 մլն 386 հազար դրամով:
Որոշման համաձայն՝ 293 մլն 400 հազար դրամով կնվազեցվի նաև դեֆիցիտի գումարը:
2020 թվականի բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից կհատկացվի 25 մլն 141.5 հազար դրամ՝ Երևանում քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչներին փոխհատուցման նպատակով բնակարաններ ձեռք բերելու համար:
Որոշման համաձայն՝ Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից կհատկացվի 200 մլն դրամ՝ հայրության ճանաչման գործընթացի կապակցությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում նշանակված «ԴՆԹ թեստավորման» հետազոտության վճարի համար:
«Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի նպատակային հատկացումներն ավելացվեցին 60 մլն 014 հազար դրամով, որը նախատեսվում է ամբողջությամբ ուղղել ՀՀ պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացում ծրագրի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի հուշարձանի կառուցման աշխատանքների իրականացմանը:
Նախագծով առաջարկվում է «Երևանի կոշտ թափոնների կառավարման» ծրագրի շրջանակում մասհանումների գծով վճարումների տրամադրում» ծրագրով նախատեսել 103 հազար 4 հարյուր եվրոյին համարժեք 59 մլն 522.9 ՀՀ դրամ՝ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ին սուբսիդավորելու նպատակով:
Նախագծով նաև առաջարկվում է՝ 2019 թվականի «Ակտիվ քաղաքացի» նախագծի ամփոփման արդյունքում հաղթող ճանաչված նախագծերից երկուսի համար 45 մլն 937.4 հազար դրամ հատկացնել, մասնավորապես՝ 9 մլն 075.6 հազար դրամ՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան, 54 շենքի բակային տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացմանը, և 36 մլն 861.8 հազար դրամ՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասում մարզական կենտրոնի կառուցմանը:
Նախատեսվում է նաև 293 մլն 400 հազար դրամ ուղղել «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռք բերմանը:
Նախագծով պահուստային ֆոնդի վարչական մասը նվազեցվում է 59 մլն 522.9 հազար դրամի դրամի չափով, իսկ ֆոնդային մասը՝ 339 մլն 337.4 հազար դրամի չափով: