«ՌԻԴ» ընկերությունը հայտարարել է Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից հրաժարվելու մասին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Ընկերությունը նշում է, որ 5 տարի առաջ, երբ սկսել էին ծրագիրը, մեծ հույսեր կային, սակայն այս ընթացքում չեն կարողացել ստանալ տեղական իշխանություններից անհրաժեշտ հավանությունը:
«Ընկերությունը լի էր վճռականությամբ և ոգևորությամբ՝ ձեռք բերելով կառավարող ընկերության բաժնետոմսերի 60%-ը։ Սակայն այս տարիների ընթացքում, չնայած ջանքերին, մենք չկարողացանք համաձայնության ստանալ և սկսել վերակառուցման գործընթացը, ուստի ստիպված ենք վերադարձնել այդ բաժնետոմսերը»,- ընդգծում է ընկերությունը:
Նրանք ցավով են արձանագրում, որ այգին ժամանակին երեխաների ուրախության և զվարճանքի վայր էր, ավերակների է վերածվում:
Ընկերությունը դիմել է կառավարությանը՝ մանկական երկաթուղին նման անկման մեջ չթողնելու հորդորով և հույս հայտնել, որ ապագայում կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ և կհայտնվեն այլ ընկերություններ, որոնք նույն ջանասիրությամբ ու նվիրումով կմոտենան Երևանի մանկական երկաթուղու վերակառուցմանը։