Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հերթական աշխատանքային հանդիպումն է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին, առկա խնդիրներին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր:
Անդրադառնալով Տավուշում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝հանրապետության նախագահը նշել է, որ մի քանի օր առաջ է եղել Տավուշում` Չինարի գյուղում։
Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Տավուշում, Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիա էր Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Բայց շատ կարևոր է արձանագրել, որ այն ռազմական հռետորաբանությունը, որը երկար տարիներ Ադրբեջանի ղեկավարությունը զարգացնում էր և այսպիսի քարոզչական միֆ էր ստեղծել, թե ադրբեջանական բանակն ունի առավելություն Հայոց բանակի նկատմամբ ու կարող է շատ արագ ցանկացած հարց լուծել, շատ կարճ և տեղային միջադեպի ընթացքում այդ առասպելն ամբողջությամբ փլուզվեց:
«Դա, իմ կարծիքով, մեր տարածաշրջանում բոլորովին նոր աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծում: Սա մեծ հաշվով ամրապնդում է Հայաստանի, թույլ տվեք ասել, ավանդական դիրքորոշումը: Իսկ այդ ավանդական դիրքորոշումն այստեղ՝ Հայաստանի բոլոր իշխանությունների ու կառավարությունների կողմից ամբողջությամբ պահվել է. Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում և կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով: Այսինքն՝ դա իրողություն է, որի հետ պետք է հաշվի նստել»,- նշել է վարչապետը:
Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի զինված ուժերը պատրաստ են պահպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, սահմանները և արձանագրել է, որ այն հսկայական բարեփոխումները, որոնք վերջին երկուսուկես տարվա ընթացքում տեղի են ունեցել զինված ուժերում, և որը եղել է մեր կառավարության առաջնահերթությունների առաջնահերթությունը, տվել է իր արդյունքը:
«Եվ ուրախ եմ, որ այդտեղ ժամանակը չի վատնվել, չի կորցվել, և մենք կարողացել ենք կոնկրետ արդյունքներ արձանագրել»,- նշել է նա:
-Ձեզ հետ ամբողջովին համաձայն եմ, որ Ադրբեջանի հարձակումը որևէ մարդկային բարոյական բացատրություն չի կարող ունենալ,- համաձայնել է երկրի նախագահը:
«Երբ ողջ աշխարհն ու մենք պայքարում ենք մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի դեմ, Ադրբեջանը որոշում է ինչ-որ ավանտյուրայի գնալ: Ինձ համար՝ մեկի, որը փորձառություն ունի և երկար տարիներ հետևում է Ադրբեջանին, Թուրքիային, եվրոպական և ռուսական քաղաքականությանը, անհանգստացնող մի քանի գործոններ կան:
Նախ՝ բարոյականության սահմանը, որ իրենք անցան՝ կորոնավիրուսի պայմաններում այսպիսի ավանտյուրայի գնալով: Երկրորդ մտահոգությունս այն է, որ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը վտանգ է ներկայացնում Ադրբեջանի տարածքով անցնող միջազգային ենթակառուցվածքների համար: Սա բացարձակ անհեթեթություն է: Այդ ենթակառուցվածքները գոյություն ունեն, իրենց տեղում են ավելի քան 20 տարի, և Հայաստանը երբեք դրանք ոչնչացնելու մտադրություն չի ցուցաբերել»,- նշել է Արմեն Սարգսյանը:
Նախագահի հաջորդ մտահոգությունն Ադրբեջանի պետական ապարատից հնչող պաշտոնական հայտարարություններն են, թե Ադրբեջանը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին:
«Սա միջազգային բոլոր նորմերով անթույլատրելի է: Եղել եմ Համաշխարհային էներգետիկ անվտանգության հանձնաժողովի անդամ ու նախագահ, և այդ հանձնաժողովում նման հայտարարությունները համարում էին միջուկային ահաբեկչության կոչեր: Կարծում եմ, որ նման կոչեր անողները պետք է շատ լավ հասկանան, որ այդ մեծ հիմարությունը մեծ ողբերգություն է լինելու բոլորի, ոչ թե միայն Հայաստանի համար: Կատեգորիկ ձևով միջազգային հանրությունը պետք է հայտարարություններ անի, որ նմանատիպ անպատասխանատու հայտարարությունները չշարունակվեն»,- նշել է նա:
Արմեն Սարգսյանը հավելել է, որ բոլոր ուղղություններով հանրապետության նախագահը և նախագահի ինստիտուտը, նախագահի բարեկամները պատրաստ են աջակցել կառավարությանը, որպեսզի հաղթահարվեն դժվարությունները: