ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները: Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ պարզվել է, որ ընտրությունների նախընտրական փուլում կուսակցության ղեկավար անդամների կազմակերպմամբ, կուսակցության անդամների ակտիվ ներգրավմամբ և հստակ մշակված դերերի բաշխմամբ կուսակցության թեկնածուների, ինչպես նաև կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրողներին տրվել են հարյուրավոր միլիոն դրամների չափով ընտրակաշառք գումարներ:
«Ընդ որում, նախաքննության ընթացքում կատարվել են շուրջ չորս տասնյակի հասնող խուզարկություններ, որի ընթացքում առգրավվել են համակարգչի միջոցով կամ ձեռագիր եղանակով կատարված մանրակրկիտ գրառումներ պարունակող փաստաթղթեր, որոնք վերաբերում են ընտրությունների ժամանակ կատարված դրամական միջոցների շարժին՝ ընտրողին, ակտիվիստներին տված գումարի չափին, բարեգործության անվան տակ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման, բաժանած գումարների դիմաց ստացած ձայների վերլուծության, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ փաստական տվյալներ, ինչը հիմք է տալիս ողջամիտ պնդումներ կատարելու առ այն, որ դրանք առավելապես հետապնդել են կուսակցության ղեկավար կազմին հաշվետու լինելու նպատակ»,-նշված է հաղորդագրությունների մեջ։
Ըստ հաղորդագրության՝ ուշագրավ է հատկապես այն, որ ըստ հարցաշարի, նախապես մշակվել է նույնիսկ հավաքների ժամանակ իբր պատահականության սկզբունքով օգնություն խնդրող անձանց կոնկրետ շրջանակը:
Այնուհետև ԱԱԾ-ն երկրորդ հայտարարությունն է տարածել, ըստ որի՝ ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական գործառույթները ծառայության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, «Նյու» ՍՊ ընկերության հիմնադիրների, մասնակիցների ու տնօրենի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ վարձակալությամբ տրամադրել են 7.5 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որտեղ համայնքի ղեկավարի որոշումներով ապօրինի կառույցներն օրինականցնելուց հետո և առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու որպես արտադրական շինություններ օտարել են վերը նշված ընկերությանը։ Դրանից հետո վարձակալության տրամադրված 7.5 հա հողատարածքը, որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ճանաչվել է ընկերության սեփականություն՝ դրա մասին անհրաժեշտ տեղեկություններ չտրամադրելով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:
Ըստ հաղորդագրության՝ նշված չարաշահումներից հետո նույն համայնքի պաշտոնատար անձինք, կրկին անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց գործառույթները ծառայության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 7.5 հա հողատարածքին կից, շինություններով ծանրաբեռնված, 0.8147 հա գյուղանտեսական նշանակության հողամասը, առանց նպատակային նշանակությունը փոխելու և ընկերության կողմից ապօրինի կառուցված շինությունների օրինականացման ընթացքում օրենքով սահմանված գումարները չվճարելով, դրանք օրինականացնելուն օժանդակելու նպատակով, ներկայացնելով որպես շինություններով չծանրաբեռնված հողամաս, ուղղակի վաճառքի միջոցով օտարել են ընկերությանը։ Այնուհետև, համայնքի ղեկավարի որոշմամբ նշված հողի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական հողատեսքից փոխվել է արդյունաբերականի, որի արդյունքում համայնքի բյուջե չի մուտքագրվել 36.539.925 դրամ, իսկ 7.5 հա հողամասը, որպես գյուղական նշանակության հողատարածք ուղղակի վաճառքի միջոցով ընկերությանը չօտարելով, համայնքի բյուջե չի մուտքագրվել 2.925.000 դրամ։ Նույն հողատարածքն արդեն որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման ու այլ արտադրական նշանակության հողատարածք ընկերությանը չօտարելով՝ համայնքի բյուջե չի մուտքագրվել 339.300.000 դրամ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքի և պետության օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է: