«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները Վճռաբեկ դատարան բողոք են ներկայացրել վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Սմբատ Մինասյանը։
«Մենք վերաքննիչ դատարանում առաջ էինք քաշել մի քանի խնդիրներ հիմնավոր կասկածի, պատգամավորական անձեռնմխելիության խախտման, գործը ԱԱԾ վարույթում քննելու հետ կապված: Վերաքննիչ դատարանը հպանցիկ անդրադարձել էր մեր առաջ քաշած խնդիրներին և որոշել էր, գործը հետ ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության, մենք գտնում ենք, որ վերաքննիչ դատարանը եղած նյութերի սահմանում կարող էր որոշում կայացնել, հայցը բավարարել, կամ ոչ, այլ ոչ թե գործն ուղարկել առաջին ատյանի դատարան»,- մանրամասնեց պաշտպանը՝ ավելացնելով, որ բողոքը ներկայացրել են երեկ:
Հուլիսի 8-ին վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկել նոր քննության:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Հունիսի 14-ին ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ նրան առնչվող 3 տարբեր քրեական գործերի վերաբերյալ հաղորդագրություններ տարածել։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատունը գործել է առանց լիցենզիայի, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 29 միլիարդ դրամի կամ մոտ 60 միլիոն դոլարի վնաս, բացի այդ, չեն իրականացվել 40 միլիարդ դրամ ներդրումներ։
Հաջորդ քրեական գործը վերաբերում էր Առինջ համայնքի պաշտոնյաներին, որոնք ապօրինի վարձակալությամբ տրամադրված 7.5 հա գյուղատնտեսական հողատարածքի վրա ապօրինի կառույցներն օրինականացրել, հողատարածքն ապօրինի կերպով օտարել էին Ծառուկյանին պատկանող «Ֆիրմա Նյու» ընկերությանը․ ապօրինության հետևանքով համայնքի բյուջե չի մուտքագրվել ավելի քան 370 միլիոն դրամ։
Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդություններին: Խորհրդարանի համաձայնությունը ստանալուց հետո, ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր։ Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ։
Դատախազության ներկայացրած բողոքի առնչությամբ հուլիսի 8-ին վերաքննիչը որոշել է բեկանել Ծառուկյանին չկանալավորելու մասին որոշումը․ ԲՀ խմբակցության ղեկավարի կալանավորման հարցը կքննի առաջին ատյանի դատարանը։