ՊԲ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով անցնում են ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին և ևս երեք զինծառայողներ, ՀՀ քննչական կոմիտեից հանձնվել է Հատուկ քննչական ծառայությանը:
Այս մասին տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Հարցին, թե ինչ հիմքով է գործի քննությունը փոխանցվել ՀՔԾ-ին, խոսնակը նշեց, որ քրեական գործն իրենց է ուղարկվել ՀՀ քրեական դատավարության 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով՝ գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով:
Հիշեցնենք՝ Վահրամ Մկրտիչի Ավագյանը, ըստ ՔԿ-ի հաղորդագրության, 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին գրանցվել է նրա կենսաբանական մահը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու համար:
Քրեական գործի շրջանակում մահացածի համածառայակից, շարքայիններ Դ. Մովսիսյանին, Խ. Գասպարյանին, Ա. Սարգսյանին, ինչպես նաև՝ կրտսեր սերժանտ Ս. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով (ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Զոհված զինծառայողի հարազատները, չհավատալով ինքնասպանության վարկածին, դեպքից 2 օր անց, ի նշան բողոքի, դին Արմավիրից բերում էին Երևան: Այդ ընթացքում նրանց հանդիպել էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ասելով, որ որևիցե մեկը չի կարող պնդել՝ ինքնասպանություն է եղել թե հակառակը, քանի դեռ հանգամանքները պարզվում են: